«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց, որը վերաբերում էր ապրիլի 22-ի հայտարարությանը: Ի՞նչ դրույթներ է պարունակում համապարփակ շրջանակը, որը համաձայնեցված է կողմերի միջեւ, ի՞նչ դրույթներ է պարունակում «ճանապարհային քարտեզը» այդ լույսի ներքո եւ երբ խոսվում է համաձայնեցված հիմքերի մասին, կոնկրետ ո՞ր դրույթներն են այդտեղ պարունակված` հարցերին ի պատասխան վարչապետը նշեց. «Քաջ գիտակցում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ զգայուն թեմա են հայ ժողովրդի համար ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ-ի տարածքից դուրս: Եվ մենք մեր արտահայտություններում, մեր գնահատականներում պետք է լինենք շատ զգույշ եւ ճշգրիտ: Նամանավանդ, երբ խոսքը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հիմքը դնելու մասին է: Փորձում ենք մեր հայտարարություններում լինել շատ ճշգրիտ: Եվ արտգործնախարարը երեկ էլ հնարավորություն է ունեցել այստեղ մանրակրկիտ բացատրություններ տալու, թե ինչպիսին է մեր քաղաքականությունը: Մենք շատ քաջ գիտակցում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն, որ մենք հաստատենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ եւ բացենք սահմանները: Մենք ոչինչ չունենք թաքցնելու, ե՛ւ մեր ժողովուրդը, ե՛ւ դուք այստեղ հնարավորություն եք ունենալու տալ ձեր գնահատականները, նամանավանդ որ փաստաթուղթը անխուսափելիորեն հայտնվելու է ԱԺ-ում: Այդ տեսակետից ես ձեզ հավաստիացնում եմ, որ որեւիցե գաղտնի պայմանավորվածություն, գաղտնի սկզբունք, գաղտնի կետեր, որոնք մենք ձեզ չենք ներկայացնելու` չկան: Որոշումները լինելու են ձեր որոշումները, եւ մենք չենք կարող այս կարեւորագույն եւ սկզբունքային կետը թափանցիկ աշխատելուց շրջանցել:

Րաֆֆի Հովհաննիսյանի այն հարցին, թե ներկա դրությամբ արդյոք Հայաստանը ընդունե՞լ է որեւէ դրույթ սահմանների ճանաչման հետ կապված, որոնք Կարսի պայմանագրի կրկնությունն են կամ բովանդակության մասն են կազմել, եւ արդյո՞ք դա այդ պատմականությանը նվիրված հանձնաժողովի ընդունումն է: Վարչապետը նշեց, որ այդ հարցին հստակ պատասխանել է ՀՀ նախագահը, այդ հարցի վերաբերյալ հստակ բացատրություններ է տվել ԱԳ նախարարը. «Չեն եղել եւ չկան այդպիսի կետեր, քանի որ նշվում է, որ մենք գնում ենք հարաբերությունների ստեղծման առանց նախապայմանների: Իսկ ձեր թվարկած բոլոր այդ կետերը ենթադրում են, որ կան ինչ-որ նախնական պայմանավորվածություններ, եւ նախնական պայմաններ: Եվս մեկ անգամ ձեզ հավաստիացնում եմ, որ որեւիցե նախապայման չկա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու շուրջը: Մենք դեռեւս 1990-ին ենք հայտարարել, որ Հայաստանը կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների, եւ եւս մեկ անգամ ձեզ հավաստիացնում եմ, որ այս սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել»:

ՀՅԴ-ից Արտաշես Շահբազյանի հարցն էլ արտգործնախարար Է. Նալբանդյանին էր ուղղված: Շահբազյանի տեղեկացմամբ` նախորդ օրվա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունվել է մի հայտարարություն, որի մեջ մեկ կետ վերաբերում է Հայաստանին, այն է` «Հայ եւ թուրք ժողովուրդների համատեղ պատմությունը պետք է գնահատվի օբյեկտիվ եւ գիտական մոտեցմամբ, որը կամրապնդվի ապացույցներով ու փաստաթղթերով եւ ազատ կլինի կանխակալ բոլոր պատկերացումներից»:

Արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ կան նախապայմաններ եւ մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախապայմաններից մեկը պատմության ուսումնասիրության հանձնաժողովի ստեղծումն է: Նալբանդյանը նշեց. «Մենք բազմիցս նշել ենք մեր համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Հայաստանի, Շվեյցարիայի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից. ասվում է, որ այն առաջընթացը, որ ձեռք է բերվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, գոհացնում է երկու կողմերին: Դուք կարծում եք, որ մեզ կարո՞ղ են գոհացնել ինչ-որ նախապայմաններ, երբ մենք բազմիցս ՀՀ նախագահի մակարդակով հայտարարել ենք եւ ես ինքս եմ հայտարարել, որ որեւէ նախապայման չկա: Մենք բանակցությունները սկսել ենք փոխադարձ ըմբռնումով, որ չկան նախապայմաններ, եւ եկել ենք առաջընթացի նույն ըմբռնումով: Ես վստահ եմ, որ դուք տեղյակ եք այն հայտարարությանը, որն արել է ԱՄՆ պետքարտուղարությունը, որտեղ բացի այն ողջույնից, որ հնչում է հայտարարության մեջ, ասվում է, որ առանց նախապայմանների պետք է կարգավորվեն հարաբերությունները երկու երկրների միջեւ»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4