«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՅԴ-ԻՆ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ Ա. ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով խորհրդարանում ներկա պատգամավորներին, որ ՀՅԴ-ն դուրս է եկել քաղաքական կոալիցիայի կազմից եւ դարձել ընդդիմություն:

Հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով` ՀՀ խորհրդարանը ունեցել է նախադեպեր, երբ հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ:

Ըստ Հ. Աբրահամյանի` մեկ անգամ այդ հնարավորությունը 2008-ի հոկտեմբերին է ամրագրվել ԱԺ կանոնակարգ օրենքում, սահմանվել է համապատասխան բանաձեւ, որը հնարավորություն է տալիս նաեւ ընդդիմադիր խմբակցություններին զբաղեցնելու հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտոնները: Այդ փոփոխությունը գործելու է հաջորդ գումարման խորհրդարանի համար, սակայն, ըստ Հ. Աբրահամյանի, քաղաքական կոալիցիան կոչ է անում ՀՅԴ-ին հետ վերցնել հանձնաժողովի նախագահներ Արմեն Ռուստամյանի եւ Արթուր Աղաբեկյանի հրաժարականի դիմումները:

«Սա, իսկապես, մեր ընթացող բարեփոխումների շրջանակի մեջ է. ողջունելի է. մենք կքննարկենք եւ պատասխանը կներկայացնենք ԱԺ նախագահին», ասաց Վահան Հովհաննիսյանը:

Իսկ կոալիցիայի կոչը ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի համար այնքան էլ անակնկալ չէր: Վերջինս ԱԺ միջանցքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց որ տրամաբանությունը իրենց հայտարարությունների մեջ է եւ մատնանշում է, որ պետք է այդուամենայնիվ պահել համագործակցության դաշտը` առաջին հերթին պետական, ազգային խնդիրների մասով, որպեսզի օգտակար լինի երկրի համար:

Իսկ Լեւոն Զուրաբյանի վերջին այն հայտարարությանը, թե ընդդիմություն դառնալու համար լիցենզիա պետք է վերցնել, Ռուստամյանը այսպես արձագանքեց. «Չեմ հասկանում ընդդիմության գործիչներին եւ քաղաքական գործիչներին, որոնք փոխանակ իրենց պայքարը ուղղեն ընդդիմություն-իշխանություն քաղաքական դաշտ, ուղղում են ընդդիմադիր դաշտի մեջ: Ընդդիմության մեջ իրենք փնտրում են իրենց հակառակորդներին: Եվ այդ հայտարարությունները ինձ համոզում են, որ այս պահին ՀԱԿ-ի հետ ունենք լուրջ քաղաքական դիրքորոշումների տարաձայնություն, մոտեցումների, գործելաոճի տարաձայնություն: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ դաշտը ընդլայնվի, հնարավորինս առաջանա քաղաքակիրթ դաշտ, որտեղ ընդդիմությունը կարողանա իր խոսքն ասել` ազդելու իշխանությունների որոշումների վրա»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4