Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մուրադյանը երեկ տեղեկություններ հաղորդեց շուկայի այս տարվա առաջին եռամսյակի եւ մարտ ամսվա ցուցանիշների վերաբերյալ: Համաձայն դրանց, այս տարվա առաջին եռամսյակում գործարքների ընդհանուր քանակը 2008-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 18 տոկոսով: Սակայն միայն մարտ ամսվա գործարքները փետրվարի համեմատ աճել են 6 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ զուտ առուվաճառքի գործարքների քանակի առումովՙ նվազում 2008-ի առաջին եռամսյակի եւ աճ այս տարվա փետրվարի համեմատ:
Անդրադառնալով մարտին փոխարժեքի 20 տոկոսով անկմանը հաջորդող անշարժ գույքի գների փոփոխություններին, Աշոտ Մուրադյանը հայտնեց, որ դրամային հաշվարկով դրանք աճել են, իսկ դոլարայինովՙ նվազել: Այսպես, Երեւանում բնակարանների գները մարտին փետրվարի համեմատությամբ աճել են 7 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբՙ նվազել 9,7 տոկոսով: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ աճում են վարձակալության գործարքները: Այդ հանգամանքը նա պայմանավորեց անշարժ գույքի շուկայում երկուստեքՙ գնորդների եւ վաճառողների սպասողական տրամադրություններով: Բնակարան գնողները սպասում են գների իջնելուն, իսկ վաճառողները գները չեն իջեցնում, սպասելով դրանց բարձրացմանը, բնակարանային խնդրի ժամանակավոր լուծում է դառնում վարձակալությունը:
Անշարժ գույքի շուկայի մարտ ամսվա ցուցանիշներին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում:
Ա. Մ.