Արդեն 81 տարիՙ 1928 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 29 հայտարարել է պարի միջազգային օր: Հայաստանն այդ օրը նշում է 2004 թվականից: Նախորդ տարի պարի միջազգային օրը նշվեց երեքՙ Թաթուլ Ալթունյանի անվան Երգի պարի պետական, Հայաստանի պարի պետական եւ «Բարեկամություն» անսամբլների համատեղ համերգով, որն ընդունվեց մեծ ոգեւորությամբ:
Այս տարի մասնագիտական օրվա եւ պարարվեստի զարգացման ու տարածման համար մշակույթի նախարարության պատվոգրով պարգեւատրվեցին պարարվեստի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներՙ ամենահայտնիներն ու վաստակաշատերը, նաեւ մեծ վաստակ դեռեւս չունեցողները: Այնուամենայնիվ ակնհայտ էր, որ պատվոգրերը տրվեցին առանց հատուկ ընտրության կազմված ցուցակում ընդգրկված պարուսույցներին ու բեմադրիչներին:
«Մասնագիտական օրվա կապակցությամբ նախարարության ցուցաբերած ուշադրության համար շնորհակալություն եմ հայտնում իմ ու գործընկերներիս անունից, որոնցից յուրաքանչյուրն էլ ծանր աշխատանք է կատարում ոլորտում, անգամ երեխաներին ուղղակի ծանոթացնում է պարարվեստինՙ առանց պրոֆեսիոնալիզմ զարգացնելու: Սակայն նկատել եմ մի օրինաչափություն, որ արվեստի մյուս ոլորտներում մասնագիտական օրվա կապակցությամբ կոչումներ են տրվում, որ ողջունելի է, սակայն պարարվեստի ոլորտի ներկայացուցիչները դրան չեն արժանանում: Պարարվեստի ոլորտը երիտասարդ մասնագետների դաշտ է եւ շատ կուզենայի տեսնել նաեւ երիտասարդներին որեւէ կերպ առանձնացնելու միտում», կարծիք հայտնեց «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը:
Այսօր Հայաստանում 80 պարախումբ է ներկայացնում 1999 թվականից գործող Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, իսկ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միությունը 1995 թվականին ստեղծվել եւ միավորում է 110 պարախումբ:
Պարախմբերի այսչափ բազմաքանակության մեջ անհասկանալի է որակի բացակայությունը, բացառությամբ մի քանի պարախմբերի, որոնք պատմություն ունեն եւ դրան համապատասխան համարում: Սա գուցե եւ արդյունք է պրոֆեսիոնալիզմի հասնելու նպատակի ի սկզբանե բացակայության պարախմբերի մեծ մասի դեպքում:
Այս տարի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ տարբեր ծրագրերի շրջանակում իրականություն են դառնալու հետեւյալ նախագծերըՙ Հայաստանի պարի պետական անսամբլի 50-ամյակին նվիրված համերգաշար, «Բարեկամություն» անսամբլի իրականացմամբ «Լոռեցի Սաքո» պարային ներկայացման եւ «Մկների ժողովը» խորեոգրաֆիկ ներկայացման բեմադրություն, Ազգային պարի փառատոն Շիրակի մարզում, պարարվեստին նվիրված սեմինարներ եւ վարպետության դասեր Երեւանում եւ մարզերում:
Մշակույթի նախարարի հատուկ հրամանով նախարարության Ոսկե մեդալով է պարգեւատրվել «Վանուշ» պարախումբը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ