«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեր իրականության մեջ, ցավոք, հազվադեպ են Արեւմուտքում հայտնի քաղաքագետների եւ պատմաբանների աշխատանքները լույս տեսնում հայերեն: «Գլոբալացվող աշխարհ» կոչվող աշխատության մեջ զետեղված են համաշխարհային անուն ունեցող լավագույն մասնագետների գրքերից եւ հոդվածներից հատվածներ: Այդ աշխատանքների հեղինակների անունների թվարկումն արդեն իսկ պատկառանք է ներշնչում` Սամուել Հանթինգտոն, Հենրի Քիսինջեր, Պատրիկ Բյուքենեն, Ֆրենսիս Ֆուկույամա, Զբիգնեւ Բժեզինսկի, Ալեքսանդր Դուգին, Սերգեյ Կարագանով, Վլադիսլավ Ինոզեմցեւ եւ այլն:

Մասնագետների համար կարեւոր նշանակություն ունեցող այս գիրքը հրատարակել է Հանրապետական կուսակցությունը: Գրքի նախաբանում գրված է, որ «Ժողովածուն ներկայացնում է մի շարք քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների հոդվածներն եւ հարցազրույցները, որոնք ժամանակին թարգմանվել եւ հրատարակվել են «Հանրապետական» ամսագրում: Ամերիկացի, եվրոպացի եւ ռուսաստանցի հեղինակները վերլուծում ու գնահատում են արդի գլոբալացվող աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա պատճառներն ու հետեւանքները, փորձում կանխատեսել ապագա զարգացումները»: Գրքում կան թարգմանություններ սկզբունքային նշանակություն ունեցող այնպիսի աշխատություններից, ինչպիսին են, օրինակ, Սամուել Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախումը» կամ Հենրի Քիսինջերի «Հարկավոր է արդյոք Ամերիկային արտաքին քաղաքականություն» գրքերը: Այս աշխատությունների, թեկուզ հատվածաբար, ներկայացնելն էլ կարեւոր նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս Արեւմուտքում փորձագիտական եւ վերլուծական մտքի հսկաների կողմից քաղաքագիտական նոր ուղղությունների զարգացման միտումները եւ այլն: Այս շարքից թերեւս կարելի է առանձնացնել ԱՄՆ նախագահներ Նիքսոնի եւ Ռեյգանի խորհրդական, 1992 եւ 1996-ին ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Պատրիկ Բյուքենենի 2002-ին տպագրված «Արեւմուտքի վախճանը» գիրքը, որը ժամանակին մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտաքաղաքական շրջանակներում: Հետաքրքրական են նաեւ գրքում հայտնի քաղաքագետների եւ վերլուծաբանների հետ ներկայացված հարցազրույցները, որոնք տարբեր ժամանակներում տպագրվել են տարբեր թերթերում եւ հանդեսներում: Այս հարցազրույցներից կարելի է առանձնացնել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի, Պատրիկ Բյուքենենի, ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Յուբեն Վեդրինի, նաեւ Զբիգնեւ Բժեզինսկու եւ մյուսների ներկայացրած կարծիքները աշխարհաքաղաքական ներկա զարգացումների մասին: Այս հարցազրույցները եւս բացահայտում են գլոբալացող աշխարհում տեղի ունեցող զարգացումների գաղտնիքները եւ հնարավոր հետեւանքները:

Ինչեւէ, կարող ենք ասել, որ հրատարակվել է անհրաժեշտ մի գիրք, որը կհետաքրքրի քաղաքագետներին, վերլուծաբաններին, քաղաքական գործիչներին եւ ուսանողներին: «Հանրապետական» ամսագրի խմբագրությունն իսկապես շնորհակալ աշխատանք է կատարել, քանի որ քաղաքագիտական մտքի նման հսկաների աշխատանքը, այն էլ հայերեն լեզվով, իսկապես բացառիկ է մեր իրականության մեջ:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4