«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԸՆԴՈՒՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Սակայն Թուրքիան չի հրաժարվում հայկական կողմին նախապայմաններ առաջադրելու գայթակղությունից

Ապրիլի 28-ին Բրյուսելում, ինչպես արդեն տեղեկացրել է մեր աշխատակցուհի Աղավնի Հարությունյանը, նախագահ Իլհամ Ալիեւը «մի տեսակ բառախաղ» էր համարել «Ճանապարհային քարտեզի» համաձայնեցումն առանց նախապայմանների, ապա եւ ավելացրել էր, որ Ադրբեջանը ցանկանում է տեղեկանալ, թե այդ ի՞նչ է կատարվում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Հաջորդ օրը Ալիեւին Չեխիայի մայրաքաղաքից արձագանքեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից նա ասաց. «Մենք ամբողջովին Ադրբեջանի մասին ենք մտածում: Այն դիվանագիտությունը, որ ծավալում ենք (Հայաստանի հետ), ե՛ւ Թուրքիայի օգտին է, ե՛ւ Ադրբեջանի: Օրը կգա, բոլորը դրանում կհամոզվեն, դա գիտեն նաեւ Ադրբեջանի ղեկավարները, որովհետեւ մշտապես շփվում ենք նրանց հետ»:

Նույն օրը Թուրքիայի ազգային մեծ ժողովում Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր, նախկին դեսպան Շուքրյու Էլեքդաղի հարցմանն է պատասխանել արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա, ըստ CNN-Turk-ի, կարեւորել է Մինսկի գործընթացը, ասել է, որ դրա շրջանակներում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որոնց հանդիպումները ռուս-վրացական պատերազմից հետո թափ են ստացել եւ միայն վերջին տարում նրանք երեք անգամ հանդիպել են:

«Առաջիկա երեք ամիսներին երեք առանձին հանդիպում է նշանակված: Այդ մասին հուշում են մեր ստացած տեղեկությունները: Առաջիկա երեք ամսվա ընթացքում Ալիեւը եւ Սարգսյանը երեք հանդիպում են ունենալու», ասել է Բաբաջանը, ավելացնելով. «Ադրբեջանի եւ Հայաստանի հանդիպումներում զգալի առաջընթաց է արձանագրվել: Բանակցությունները շարունակվում են որոշակի հարցերի շուրջը: Սրանք թվով թերեւս մեծ չեն, բայց բարդ խնդիրներ են»:

Բաբաջանն անդրադարձել է նաեւ 2007-ի սեպտեմբերին Շվեյցարիայում սկիզբ առած հայ-թուրքական շփումներին, ասել է, որ դրանք 2008-ի սեպտեմբերից հետո բարձրացան քաղաքական մակարդակի, ապա եւ ընդգծել է. «Մեր առաջադրանքը սոսկ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացումը չէ: Ձգտում ենք, որ լիակատար նորմալանան նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները»: Նա նշել է, որ մինչեւ Ադրբեջանի տարածքների բռնազավթմանը վերջ չտրվի, տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտ չի ստեղծվի: Իրենց նպատակը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման ուղղությամբ առաջընթացի հասնելն է, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով լուծման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը:

Բաբաջանն անընդունելի է համարել նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթը: Ասել է, որ մերժվելու են Ցեղասպանության անհիմն պնդումները, իսկ հայ-թուրքական երկխոսության պատմական ասպեկտը միայն պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման դեպքում են պաշտպանելու: Թուրքիայի արտգործնախարարը վերջում ասել է, որ իրենք դիվանագիտական շփումներից հետո առաջիկա մի քանի շաբաթներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ սկսելու են քաղաքական համապարփակ քննարկումների գործընթաց:

Բաբաջանին է միացել թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը: Նա հիշեցրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայկական կողմի հետ ծավալվող բանակցությունների վերաբերյալ խոսքերը եւ մատնանշել. «Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը պետք է կատարվի հայկական զորքերի Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրսբերման հետ միաժամանակ, մեծարգո վարչապետը հարցի առնչությամբ հայտարարել էր միանգամայն համամիտ ենք նրա կարծիքին»:

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ «Ճանապարհային քարտեզը», որի շուրջը համաձայնության են եկել հայկական եւ թուրքական կողմերը, նախապայմաններ պարունակի Հայաստանի համար: Բայց որ Թուրքիան նախապայմաններից չի հրաժարվում, ակնհայտ է: Դրանց առաջադրման համար Անկարան, ըստ երեւույթին, սպասում է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի հետագա խորացմանը եւ միջազգային ասպարեզում դրա մասսայականացման ծավալմանը: Այդ դեպքում, ինչ խոսք, Հայաստանի համար բավականին դժվար կլինի երկխոսությունն ընդհատելը կամ դրա համար առաջադրվող նախապայմանները մերժելը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4