«Թուրքիայից տեղեկատվական արտահոսքը գորշ քարոզչության տարրեր պարունակող քայլ է, որի նպատակն է հակասություն առաջացնել հայ հասարակության շրջանում, վերահսկել տեղեկատվական հոսքերը տեղի ունեցող գործընթացի շուրջը, ի սկզբանե ապահովել լիակատար վերահսկում ոչ միայն լրահոսի, այլեւ տեղի ունեցող զարգացումների եւ, ինչը կարեւորն է, դրանց արդյունքների վերաբերյալ: Սա մշակված քաղաքականություն է: Հաջորդական կերպով ծրագրված է, թե որ քայլին ի՞նչ պետք է հետեւի», երեկ լրագրողներին հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հայկ Դեմոյանը վստահ է, որ Կարսի պայմանագիրը, որը «չափազանց շատ է շահարկվում», թուրքական քարոզչական տեղեկատվական պատերազմի համատեքստում պետք է դիտարկել: Ըստ նրա, դա խայծ է` ուղարկված թուրքական կողմից, որը հայկական կողմը շարունակաբար կուլ է տալիս:
Ընդհանրապես, ըստ Դեմոյանի, քարոզչությունը լինում է սեւ, սպիտակ եւ գորշ: Գորշ քարոզչությունը պարունակում է ճշմարտությանը մոտ տարրեր` դրանով այն դարձնելով ավելի արդյունավետ: Ցեղասպանության թանգարանի տնօրենը վստահ է, որ Կարսի պայմանագիրը խախտվել է, ընդ որում հենց Թուրքիայի կողմից: Ինչ վերաբերում է Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին, ապա, Դեմոյանի կարծիքով, դրանում կան ե՛ւ բացասական, ե՛ւ դրական կողմեր: Բացասականն այն է, որ ցեղասպանություն եզրույթը շահագործվում է եւ վտանգ կա, որ այս իրավաբանական տերմինը` ծանրագույն ոճրագործություն, կարող է արժեզրկվել:
«Այս խնդիրը ես տեսնում եմ հայկական հարցի համատեքստից դուրս», ասաց նա: Ինչ վերաբերում է դրականին, ապա, ըստ բանախոսի, Օբաման շրջանառության մեջ դրեց եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Հայոց մեծ եղեռնի փաստին, այսինքն` բարձրացվեց միջազգային իրազեկման մակարդակը: Ի դեպ, ինստիտուտի տնօրենն ասաց, որ վերջին 20 տարվա ընթացքում իրազեկման առումով ահռելի գործ է կատարվել:
Պատմաբանների հանձնաժողովի քննարկումը լրջորեն վտանգում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Հայկ Դեմոյանը` ավելացրեց, որ դա իսկական պատուհաս կլինի Թուրքիայի համար` «մի երկրի, որտեղ կոծկվել, թաքցվել են բազմաթիվ դրվագներ սեփական պատմության եւ վերջին պատմական զարգացումների վերաբերյալ», եւ Թուրքիայի համար ոչ ցանկալի ու խիստ վտանգավոր մանրամասներ կարող են ի հայտ գալ, ինչի մասին թուրք հասարակությունը տեղյակ չէ: «Ուստի ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ հանձնաժողովի ստեղծումը կարող է վնասել Թուրքիայի ազգային անվտանգությանը», ասաց բանախոսը:
Նրա համոզմամբ, պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը որպես վիրուս Թուրքիան մշակել է եւ շրջանառության մեջ դրել, որպեսզի տարաձայնություններ առաջացնի Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, ինչը աշխատում է, հայ հասարակությունն էլ ցայտնոտի մեջ է ընկնում. «Պետք է Հայաստանը մտածի անտիվիրուս` դրան համարժեք պատասխան տալու: Թող ստեղծվի հանձնաժողով, դրանից վախենալու բան ունի միայն Թուրքիան: Բազմաթիվ հարցեր կան, որոնք հանձնաժողովի քննարկման խնդիր կարող են դառնալ, սակայն դրանց թվում չէ Հայոց ցեղասպանության հարցը: Դա փաստ է, որի գոյությունը ոչ ոք կասկածի տակ առնել չի կարող»:
Հ. Դեմոյանն ասաց, որ այս տարի լրանում է թուրքական թատրոնի 150-ամյակը, որը հիմնադրել են հայերը. «Սա եւս կարելի է քննարկման առարկա դարձնել»:
Նախօրեին թուրքական մամուլում տեղեկություն է հայտնվել, թե ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն հրապարակեցին Ամերիկայի անմիջական ճնշման ներքո: Լրագրողները հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցին Դեմոյանից:
Նրա խոսքով, բացի բացահայտ բանակցություններից, քննարկումներ լինում են նաեւ վարագույրների հետեւում, եւ բացի այդ, մենք այն փուլում ենք, երբ իրադարձությունների զարգացումը որոշում են ոչ միայն հայկական եւ թուրքական կողմերը:
«Սա պետք է հասկանալ, պետք է նաեւ հասկանալ, որ կան ավելի մեծ շահեր, որտեղ համընկնում են հայկական եւ թուրքական կողմերի տեսակետները», ասաց ինստիտուտի տնօրենը, ավելացնելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է տարածաշրջանում որոշակի լարվածություն ստեղծել, կան երկրներ, որոնք եւս շահագրգռված են դրանում, կան նաեւ դրան դեմ երկրներ, քանի որ դա հակասում է նրանց շահերին:
Ն. Մ.