«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱԶՈՒՄ ՄԱՐՏԻՆ

Դոլարային արտահայտությամբ նվազումը կազմել է 9-12 տոկոս

2009-ի մարտին, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 10974 գործարք, ինչը 6,6 տոկոսով ավելի է 2009-ի փետրվարին կատարված գործարքների եւ 16 տոկոսով պակաս 2008-ի մարտին կատարվածների համեմատ: 2903 օտարման գործարքներից առուվաճառքներինը եղել է 75,9 տոկոսը, իսկ մնացածը նվիրատվություններ ու փոխանակություններ են: 2009-ի փետրվարի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 5,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ նվազել 30,4 տոկոսով:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 61,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի փետրվարի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 3,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ նվազել 43,9 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները մարտին փետրվարի համեմատ դրամային արտահայտությամբ աճել են 7,7 տոկոսով: Սակայն, նկատի ունենալով մարտի սկզբին դոլարի նկատմամբ դրամի մոտ 20 տոկոսով արժեզրկումը եւ հաշվարկներն իրականացնելով համադրելի գներով, Երեւանում 2009-ի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 2009-ի փետրվարի համեմատ նվազել են 9,7 տոկոսով:

Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները դրամով արտահայտված այսպիսին են եղել.

ՀամայնքներՄիջին գները (դրամ) մարտ 2008 թ.Միջին գները (դրամ) մարտ 2009 թ.Միջին գները (դրամ) փետրվար 2008 թ.
Կենտրոն466000515600482300
Արաբկիր395600388400344400
Քանաքեռ-Զեյթուն296900299100270200
Նոր Նորք263200258600241200
Ավան260000256700241800
Էրեբունի258000271500256600
Շենգավիթ266900264700237300
Դավիթաշեն275000279200268400
Աջափնյակ269900254700238700
Մալաթիա-Սեբաստիա255200245100230600
Նուբարաշեն146700154700148000
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)286700289800269000

Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 217 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ նվազել է 15,6 տոկոսով, իսկ 2009-ի մարտի համեմատՙ 51,7 տոկոսով: Միջին գները մարտին փետրվարի համեմատ աճել են 5,8 տոկոսով: Սակայն, նկատի ունենալով մարտի սկզբին դոլարի նկատմամբ դրամի մոտ 20 տոկոսով արժեզրկումը եւ հաշվարկներն իրականացնելով համադրելի գներով, մարզերում 2009-ի մարտին, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 2009-ի փետրվարի համեմատ նվազել են 11,2 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Վաղարշապատում (Էջմիածնում), որտեղ 1 քմ գինը կազմել է 183 հազար դրամ: Ծաղկաձորում 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 182 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 152 հազար դրամ, Իջեւանըՙ 1 քմ-նՙ 148 հազար դրամ ցուցանիշով, Աշտարակըՙ 142 հազար դրամ եւ Նոր Հաճընը` 136 հազար դրամ ցուցանիշով:

Մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 263 գործարք, որից 54-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը փետրվարի համեմատ աճել է 35,4 տոկոսով, իսկ մարզերումՙ 2,1 տոկոսով: 2008-ի փետրվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13,5 տոկոսով, այդ թվում Երեւանումՙ 41,9 տոկոսով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 47,4 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները 2009-ի մարտին փետրվարի համեմատ դրամային արտահայտությամբ աճել են 8,1 տոկոսով: Սակայն, նկատի ունենալով մարտի սկզբին դոլարի նկատմամբ դրամի մոտ 20 տոկոսով արժեզրկումը եւ հաշվարկներն իրականացնելով համադրելի գներով, դրանք նվազել են 9,4 տոկոսով: Ըստ համայնքների գներն այսպիսին են եղել.

ՀամայնքներՄիջին գները (դրամ) մարտ 2008 թ.Միջին գները (դրամ) մարտ 2009 թ.Միջին գները (դրամ) փետրվար 2008 թ.
Կենտրոն487700540000492000
Արաբկիր402700432700400700
Քանաքեռ Զեյթուն308700332500304900
Նորք-Մարաշ272600327100299100
Ավան271000299500277200
Էրեբունի267600305900283500
Շենգավիթ274700300000276700
Դավիթաշեն289700328700310000
Աջափնյակ276300294300275700
Մալաթիա-Սեբաստիա268700289800272000
Նուբարաշեն156100175300162800
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)297800329600305000

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները մարտին փետրվարի համեմատ աճել են 4,8 տոկոսով, իսկ համադրելի գներովՙ նվազել 12,1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 281 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 187 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 175 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանըՙ 157 հազար դրամ, Մասիսըՙ 153 հազար դրամ, Աշտարակը 152 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 146 հազար դրամ:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի մարտին, 2008-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 32,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 63,1 տոկոսով, այդ թվումՙ Երեւանումՙ 45,5 տոկոսով:

Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի մարտին 2009-ի փետրվարի համեմատ աճել է 9,7 տոկոսով, իսկ 2008-ի մարտի համեմատ` 16,4 տոկոսով:

2009-ի մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 1013 գրավադրման գործարքներից ընդամենը 36-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքներ: 2009-ի փետրվարի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը մարտին նվազել է 7,7 տոկոսով, Երեւանում աճել 19,2 տոկոսով, մարզերում նվազել 61,5 տոկոսով: 2008-ի մարտի համեմատ հիպոթեկային գործարքները կտրուկՙ 83 տոկոսով նվազում են արձանագրել, ընդ որում Երեւանում` 78,6 տոկոսով, մյուս մարզերում` 92,5 տոկոսով:

Ինչպես նշել էինք անշարժ գույքի շուկայի նախորդՙ փետրվար ամսվա ցուցանիշները ներկայացնելիս, գների նվազման միտումները շարունակվում են: Դրանք կշարունակեն նվազել առնվազն մինչեւ մայիս-հունիս ամիսները: Սակայն դժվար է ասել, թե երբ գները կսկսեն կայունանալ, ինչը կախված է ընդհանուր տնտեսական ակտիվության, շինարարության ծավալների վերականգնման, առաջարկ-պահանջարկի հարաբերակցության եւ մի շարք այլ հանգամանքներից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4