«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2009-04-30 | #79, 2009-05-01 | #80, 2009-05-05


ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԻՆ

Կոմիտասի ծննդյան 140-ամյակին է նվիրված երիտասարդ երաժիշտ- կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որը մայիսի 6-11-ը կանցկացվի Գյումրիում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ եւ Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Սա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ հիմք դրված ավանդույթի շարունակությունն է. «Վերածնունդ» խորագրով առաջին երաժշտական փառատոնն այստեղ կազմակերպվել է 2007 թվականին, երկրորդը` 2008-ին: Դրանք ունեցել են հանրապետական ընդգրկում եւ լավ արձագանք են գտել:

Ներկա միջազգային մրցույթ-փառատոնին, որի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, պետկոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը եւ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, մասնակցության հայտ են ներկայացրել 10-28 տարեկան մոտ 700 պատանի եւ երիտասարդ երաժիշտ-կատարողներ ՀՀ տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ջավախքից, ինչպես նաեւ Ռուսաստանից, Թուրքմենստանից, Իրանից, Ղազախստանից, Լիտվայից, Լատվիայից, Շվեյցարիայից: Մասնակիցները հանդես կգան քաղաքի տարբեր երաժշտական կրթօջախների դահլիճներում, դաշնամուրի, լարային, փողային գործիքների, ժողովրդական նվագարանների, վոկալի բաժիններում: Փառատոնի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ, մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Կիպրոսից, իսկ մասնակիցների համար նախատեսված են տարբեր անվանակարգերի մրցանակներ:

Փառատոնի հանդիսավոր բացումը, փակումը եւ գալա-համերգը տեղի են ունենալու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4