«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2009-04-30 | #79, 2009-05-01 | #80, 2009-05-05


«ԱՐԱՐԱՏԻՆ» ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ

Հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երեւանի «Արարատն» ընթացիկ մրցաշրջանում հայտնվել է խորը ճգնաժամում, որից դուրս գալ ոչ մի կերպ չի հաջողվում: Թիմն իր պատմության մեջ ամենավատ մրցաշրջանն է անցկացնում: Մեկնարկից արդեն անցել է 6 տուր, իսկ արարատցիները ոչ միայն միավոր չեն վաստակել, այլեւ ոչ մի կերպ չեն կարողանում բացել գոլերի հաշիվն առաջնությունում: Թիմի արտասահմանցի հովանավորները կարծես անտարբեր են դարձել «Արարատի» ճակատագրի հանդեպ: Այլապես ինչով բացատրել բրազիլացի ֆուտբոլիստներին Երեւանից տեղափոխելու եւ Փարիզի «Արարատում» Ֆրանսիայի սիրողական լիգայի առաջնությունում նրանց խաղացնելու փաստը, երբ թիմը բարձրակարգ ֆուտբոլիստների կարիք է զգում:

Առաջնության մեկնարկում «Արարատը» հայտնվել է անելանելի վիճակում, որն ավելի վատթարացավ 6-րդ տուրից հետո: «Արարատն» Աբովյանում հյուրընկալել էր առաջնության մյուս հետնապահին` «Գանձասարին», որը դեռեւս միավոր չէր վաստակել: Թվում էր, թե գոնե այս անգամ արարատցիներին կհաջողվի միավոր վաստակել: Սակայն հերթական անգամ թիմի երկրպագուները, որոնց թիվը գնալով նվազում է, հիասթափված հեռացան մարզադաշտից: «Արարատն» այս անգամ էլ չկարողացավ գոլ խփել, փոխարենը 2 գնդակ բաց թողեց ու 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց: 75-րդ րոպեին հաշիվը 11 մ հարվածով բացեց Արմեն Տատինցյանը, իսկ 5 րոպե անց Վահե Դավթյանը երկրորդ գոլը խփեց:

«Միկայում» մարզչական գործունեությունը հաղթանակով սկսեց Սամվել Դարբինյանը: Նրա գլխավորությամբ «Միկան» «Հրազդանում» 2-1 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիային»: Ընդ որում, «Միկան» հանդիպումն ավարտեց 9 հոգով: Արդեն 6-րդ րոպեին դաշտից հեռացվեց բրազիլացի Ալեքսը, իսկ 62-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտը թողեց Իրակլի Ցանավան: Առաջին խաղակեսում «Միկային» հաշվի մեջ առաջ մղեց բրազիլացի Էդնեյը: Ընդմիջումից հետո Տիգրան Ղարաբաղցյանը վերականգնեց հավասարակշռությունը, սակայն խաղավարտից 18 րոպե առաջ Արամ Ոսկանյանը խփեց հաղթական գոլը:

Հետաքրքրական էր, թե գավաթի եզրափակիչ խաղից առաջ իրենց ինչպես կդրսեւորեն վճռորոշ հանդիպման մասնակիցներ «Փյունիկն» ու «Բանանցը»: Երկուսն էլ հաղթանակներ տոնեցին: «Փյունիկը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Շիրակին»: Խաղն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ: Սակայն առաջինը կարող էին աչքի ընկնել հյուրերը, որոնցից Անդրանիկ Բարիկյանի սուր անցումն ավարտվեց վտանգավոր հարվածով, որը մի փոքր շեղ ստացվեց: «Փյունիկը» դիմեց պատասխան գրոհի, որն ավարտվեց շիրակցիների սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտմամբ: 11 մ հարվածը հստակ իրացրեց Սարգիս Հովսեփյանը` բացելով խաղի հաշիվը:

Փյունիկցիները եւս մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին շիրակցիների դարպասին: Կարող էին աչքի ընկնել Նորայր Սահակյանն ու Արթուր Եդիգարյանը, սակայն հաջող խաղաց դարպասապահ Նորայր Աբրահամյանը: Հիշարժան էր նաեւ Սարգիս Հովսեփյանի տուգանային հարվածը, որը դիպավ դարպասաձողին: Խաղավերջում «Շիրակի» ֆուտբոլիստների մոտ զգացնել տվեց հոգնածությունը, որի հետեւանքով թիմի պաշտպանությունը ճեղքվածք տվեց: Դրանից օգտվելով, նախ Գեւորգ Ղազարյանը գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը, ապա երկու անգամ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածներով «Շիրակի» դարպասը խոցեց Միհրան Մանասյանը:

Թիմերի մարզիչների կարծիքն այսպիսին էր:

Վարդան Մինասյան («Փյունիկ»)-Մեր խաղն այսօր լավ չստացվեց, ֆուտբոլիստները չարաշահում էին անհատական խաղը: Երկրորդ խաղակեսը համեմատաբար լավ էր, չնայած եթե համեմատենք «Գանձասարի» հետ նախորդ հանդիպման հետ, ապա Կապանում թիմի խաղն ավելի բարձրորակ էր: Ֆուտբոլիստներից մշտապես պահանջում եմ բարձրորակ խաղ ցուցադրել: Գավաթի եզրափակիչի մասին առայժմ ֆուտբոլիստների հետ չեմ խոսել, այնպես որ ուժերի խնայողության մասին այսօր խոսք լինել չէր կարող: Թեթեւ վնասվածքների պատճառով այսօրվա խաղում մի քանի ֆուտբոլիստ բացակայում էր: Հույս ունեմ, որ գավաթի եզրափակիչում նրանք կմիանան մեզ:

Ժորա Բարսեղյան («Շիրակ»)-«Փյունիկն» ուժեղ էր, հաղթանակն էլ` օրինաչափ: Առաջին խաղակեսում հավասար պայքար ընթացավ, մենք էլ գոլային լավ պահ ունեցանք: Դեմիրճյանը վատառողջ էր, բացի այդ էլ նրա խաղը լավ չստացվեց, որոշեցինք փոխարինել երիտասարդ ֆուտբոլիստով: Երեւի թե փոխարինումն իրեն չարդարացրեց: Խաղավերջում պաշտպանությունը կարծես փլուզվեց ու 3 գոլ բաց թողեցինք:

«Բանանցը» Ոսկեհատում մրցեց «Ուլիսի» հետ: Այս խաղն ավելի համառ պայքարում ընթացավ: 66-րդ րոպեին «Բանանցի» խաղացող Արտակ Օսեյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասն ու իր թիմին 5-րդ անընդմեջ հաղթանակը պարգեւել: «Բանանցը» շարունակում է «Փյունիկի» հետապնդումը, իսկ մայիսի 9-ին նշված թիմերը կվիճարկեն ՀՀ գավաթը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ660015-018
2. Բանանց65018-415
3. Միկա641111-613
4. Ուլիս63126-510
5. Շիրակ62047-136
6. Կիլիկիա62046-86
7. Գանձասար61054-113
8. Արարատ60060-100

Ռմբարկուները

Հենրիխ Մխիթարյան«Փյունիկ»5
Բոտի Դեմել«Միկա»4
Արթուր Քոչարյան«Ուլիս»4
Գեւորգ Ղազարյան«Փյունիկ»3
Միհրան Մանասյան«Փյունիկ»3
Արամ Ոսկանյան«Միկա»3
Սամվել Մելքոնյան«Բանանց»3

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4