Դուբայում ավարտին է մոտենում շախմատի միջազգային մրցաշարը, որի 130 մասնակիցների թվում են 7 հայ շախմատիստներ: Ավարտական տուրից առաջ մրցաշարում հաղթողի կոչմանն արժանանալու հիանալի հնարավորություն են պահպանում Տիգրան Քոթանջյանն ու Աշոտ Անաստասյանը: Տիգրանը վաստակել է 6,5 միավոր եւ Դմիտրի Բոչարովի հետ գլխավորում է աղյուսակը: Անաստասյանն առաջատարներից հետ է մնում կես միավորով ու Գադիր Հուսեյնովի, Պավել Մալետինի, Կիդամբի Սունդարառաջանի, Վադիմ Մալախատկոյի եւ Պրասադ Արունի հետ բաժանում է 3-8-րդ տեղերը: Ավարտականՙ 9-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը սպիտակներով խաղալու է Պավել Մալետինի հետ, իսկ նրա գլխավոր հակառակորդ Դմիտրի Բոչարովը սեւերով մրցելու է Գադիր Հուսեյնովի հետ: Անաստասյանը սպիտակներով կխաղա Պրասադ Արունի հետ:
Հիշեցնենք, որ 4 տուրից հետո Քոթանջյանը 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն էր: 5-րդ տուրում նա անհաջողության մատնվեցՙ սպիտակներով զիջելով Վադիմ Մալախատկոյին: Հաջորդ տուրում Տիգրանը ոչ-ոքի խաղաց Դմիտրի Բոչարովի հետ, իսկ Ալեքսեյ Ֆյոդորովի եւ Լեւան Պանցուլայայի հետ պարտիաներում հասավ հաղթանակի:
Վերջին տուրերում հաջող հանդես եկավ Աշոտ Անաստասյանըՙ 4 հնարավորից վաստակելով 3 միավոր: Աշոտը հաղթեց Սուրեն Պողոսյանին եւ Ալեքսեյ Ալեքսանդրովին, հաշտություն կնքեց Ալեքսեյ Ֆյոդորովի ու Վադիմ Մալախատկոյի հետ:
8 տուրից հետո 5,5 միավոր ունի Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը: 5-ական միավոր են վաստակել Հրանտ Մելքումյանն ու Սուրեն Պողոսյանը: Աղասի Ինանցն ունի 4, Վարդան Խոջայանըՙ 3,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ