«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2009-05-01 | #80, 2009-05-05 | #81, 2009-05-06


20 ՄԼՆ ԵՎՐՈՙ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի եւ գերմանական KfW բանկի հետ հիպոթեկային վարկավորման ծավալներն ավելացնելու նպատակով, ինչպես նաեւ կառավարությունն է իր միջոցները տրամադրում: Նրա համոզմամբ, լրացուցիչ վարկային միջոցների ներգրավումը կհանգեցնի այստեղ ժամկետների երկարացմանն ու տոկոսադրույքների իջեցմանը: Ներկայումս բանկերը հիպոթեկային վարկեր են տրամադրում 10-15 տարի ժամկետով, իսկ կառավարությունը ձգտում է այդ ժամկետները հասցնել 20-25 տարվա: Դա, ըստ Տիգրան Սարգսյանի, հնարավորություն կտա ապահովելու հիպոթեկային վարկերի մատչելիությունը երիտասարդ ընտանիքների համար:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս կապակցությամբ նշեց, որ այս շաբաթ մասնակցելու է Ֆրանկֆուրտում կայանալիք Գերմանա-հայկական հիմնադրամի խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են Հայաստանին KfW-ի կողմից հիպոթեկային շուկայի համար 20 մլն եվրոյի, վերականգնվող էներգետիկայի զարգացման համար 10 մլն եվրոյի տրամադրման եւ այլ հարցեր: Արթուր Ջավադյանը նշեց, որ եթե բանկերի կողմից պահանջարկ լինի, ԿԲ-ն պատրաստ է այդ գումարները տրամադրել դրամային համարժեքով: Նա հույս հայտնեց, որ մայիսի վերջին, հունիսի սկզբին կգրանցվի հիպոթեկային ընկերությունը, որը հնարավորություն կտա նոր շունչ հաղորդելու այդ գործընթացին: Ըստ ԿԲ նախագահի, այս պահին արդեն ընտրվել են մի քանի շինարարական կազմակերպություններ, որոնց տրամադրվելու են կառավարության երաշխիքները, եւ նրանք ֆինանսավորվելու են առեւտրային բանկերից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4