Երեւանում բեմադրեց «Սպարտակ» բալետը
Քսան րոպեից ավելի տեւած հոտնկայս ծափահարություններ ու հիացական ձայնարկություններ, ոգեւորությունից փայլող աչքեր եւ ներկա գտնվողներից յուրաքանչյուրին բաժին հասած դրական զգացողությունների ամբողջություն: Սա Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երեւանյան երրորդ բեմադրության գլխավոր փորձից հետո տեղի ունեցածն էր:
Իսկ սկիզբը «Սպարտակի» հոբելյանի ժամանակ էր. «Մեր առաջին տիկինը ձեր առաջին տիկնոջից զարմանքով տեղեկացավ, որ Հայաստանում «Սպարտակը» խաղացանկային չէ եւ տեղում խոսվեց բեմադրելու մասին, ես էլ համաձայնեցի», տեղեկացրեց Մեծ թատրոնի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը:
Այս զրույցին մեկ տարի առաջ հետեւեց Հայաստանի մշակույթի նախարարության համապատասխան պայմանավորվածությունն ու հաջորդ օրվանից սկսվեցին մեծ ծրագրի իրականացման աշխատանքները: «Միավորվեցին շատ-շատերը, ու բարեխիղճ աշխատանքի արդյունքում իրականություն դարձավ այս մեծածավալ, ծախսատար ու մեծարժեք ներկայացումըՙ «Սպարտակը», շնորհակալություն հայտնելով արվածի համարՙ տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հովանավորներն էլ ծրագրի իրականացման գաղափարին պատրաստակամությամբ են տեր կանգնել: «Ամենից դժվարը տարիներ առաջ կատարել էր մեր հռչակավոր հայրենակիցըՙ Արամ Խաչատրյանը. գրել էր բալետը, հետո մեր հռչակավոր ժամանակակիցըՙ Յուրի Գրիգորովիչը բեմադրել էր բալետը: Մեր արածն ամենից հեշտն էրՙ միանալ «Սպարտակի» երեւանյան բեմադրության իրականացմանը: Սա մի ծրագիր է, որ մեծապես նպաստում է մշակութային ինքնության պահպանմանն ու դրանում նոր բարձրակետի հաստատմանը», կարծիք հայտնեցին հովանավորներըՙ «Արարատ» կոնյակի գործարան, «Կոնվերս» բանկ, «Գոլդեն պալաս» հյուրանոց, «Հայկական էլեկտրացանցեր» ընկերություն, պաշտոնական հովանավորՙ Ռոսգոսստրախ, գլխավոր հովանավոր ՎիվասելMTS ընկերություն:
Դեռ գլխավոր փորձով մշակութային տոն կոչվելուն արժանացած ներկայացման իրականացման համար Հայաստանի պետբյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ, իսկ մնացյալ խոշոր գումարը ապահովել են հովանավորները եւ չափը կհրապարակեն ներկայացման առաջնախաղից հետո:
Իսկ երեկ առաջնախաղն էր 3 գործողությամբ, 12 պատկերով եւ 9 մենապարով «Սպարտակի» երեւանյան երրորդ բեմադրության, որը ազատության պատմություն է: Այդպիսին է տեսնում Գրիգորովիչը Խաչատրյանի բալետը. «Դժվար բեմադրություն էր ինձ համար տղամարդկանց ծայրահեղ պակաս կար, տղամարդիկ չէին հերիքում: Օգնության հասավ «Բարեկամություն» անսամբլը, որ մեծ ծանրություն վերցրեց իր վրա, պարարվեստի ուսումնարանի ավարտական դասարանի տղաներից վերցրեցինք, դիմեցինք նաեւ հայկական բանակին: Այս կերպ լրացրեցինք տղաների պակասն ու ապահովեցինք ներկայացման որոշակի բարձր մակարդակը, որի պահպանումն առավել կարեւոր է ու թե այդ նպատակով պահանջվում է մի քանի տղաների ծառայությունը չկարեւորել, ապա արժե: Ի վերջո սա գավառական թատրոն չէ, այլ մայրաքաղաքային եւ հարկ է, որ երկրի մշակույթի բարձրակետ ընդգծող դրոշ հանդիսանա»:
Անկախ եղած կազմակերպական դժվարություններից, որոնք հաղթահարվել են անմիջականորեն Հայաստանի նախագահի, Մեծ թատրոնի ու շատերի ջանքերով, հռչակավոր բալետմեյստերը գոհ է արդյունքից. «Մենակատարները, որ երիտասարդ են, կարողացան հանդես գալ պատշաճ կերպով, չնայած խիստ զարմացած էի, որ ստիպված էին դժվարությամբ մասնակցել ամենօրյա երեկոյան փորձերին, քանի որ բոլորն էլ այլ վայրերում աշխատում են ապրուստի միջոց ձեռք բերելու համար»:
Իսկ մենակատարներն ենՙ Սպարտակ Ռուբեն Մուրադյան, Սեւակ Ավետիսյան, Մարկոս Լիկինիոս Կրասոսՙ Արմեն Գեւորգյան, Նարեկ Մարտիրոսյան, Ֆրիգիաՙ Սյուզան Փիրումյան, Ժակլին Սարխոշյան, Էգինաՙ Մերի Հովհաննիսյան, Մարիա Դիվանյան:
Ի վերջո Յուրի Գրիգորովիչն ընդգծեց. «Մասնագիտական նյութը կաՙ անհրաժեշտ են պատշաճ հոգածություն, ֆինանսական բավարար միջոցներ եւ խաղացանկ, որպեսզի թատրոնը կարողանա պահպանել այն որակը, որը ցուցադրեց այս բեմադրությունում, որը իրականացնելիս պահպանել եմ մոսկովյան նշաձողը»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ