«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2009-05-01 | #80, 2009-05-05 | #81, 2009-05-06


ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԸ ՎԻՐՏՈՒԱԼ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Առաջին տպավորությունը Մոսկվայի մշակույթի տանը տեղի ունեցած «Հայ դասական երաժշտությունը եւ նոր տեխնոլոգիաները» ձեռնարկից, արտակարգ հաճելի մթնոլորտի զգացողությունն էր. մեկ ժամից ավելի տեւողությամբ երեկոն ակնթարթի պես անցավ: Իհարկե, կառույցն ամբողջությամբ, նախասրահը, հարմարավետ դահլիճը նախատրամադրություն արդեն ստեղծում են, բանախոսների հակիրճ, բայց հագեցած բովանդակությամբ խոսքերը, ելույթներն իրենց հերթին ապահովեցին այդ մթնոլորտը: Սակայն, պետք է խոստովանել, որ թավշե երեկոյի այդ արտակարգ թեթեւության համար ունկնդիրը պարտ է «Անահիտ» մշակութային հիմնադրամի նախագահ Նունե Շամախյանին` հանդիսավարի դասական մոտեցմամբ` համեստ, զուսպ, արտիստիկ ցուցադրանքներից զերծ, ձայնի մեղմ տեմբրով եւ ամենակարեւորը` ներքին անկեղծ ջերմությունն էր այդ մտերմիկ օրվա տպավորության գաղտնիքը: Անշուշտ, գլխավորը թեման, հարցն էր, որ նա երաժշտական հանրության ուշադրությանը հանձնեց:

Այսօր մեր կյանքը առանց բարձր տեխնոլոգիաների, առանց վիրտուալ հաղորդակցությունների պատկերացնել պարզապես անհնար է: Պատահական չէր, որ դեռեւս 1999-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը նախաձեռնեց եւ ավելի ուշ իրականացրեց «Հայ դասական մատենագրության թվային գրադարան» նախագիծը: Այս ուղու վրա է նաեւ մեր ազգային մյուս հարստությունը` հին ձեռագրերն ամբարող Մատենադարանը:

Լինելով անհանգիստ եւ էությամբ որոնող անձ` Նունե Շամախյանի գլխավորած «Անահիտ» մշակութային հիմնադրամը մի շարք ազգաշահ ծրագրեր է իրականացրել, ուսումնասիրել, հավաքել է մեր լավագույն երաժիշտների արխիվային նյութեր, կորստից փրկել հին ձայնագրություններ: Դրանց երկարատեւ գոյությունը ապահովելու միակ միջոցն այսօր նորագույն տեխնոլոգիաներն են: Բացի դա, հայ դասական երաժշտությունը (հեղինակային եւ կատարողական) իր հարուստ ավանդույթներով, միջազգայնորեն ճանաչելի դարձնելու հնարավորություն` շատ ավելի մատչելի, ընձեռում են ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Հայ դասական երաժշտությունը այս նոր մեթոդներով ներկայացնելու մասին էր Նունե Շամախյանի ելույթը: Տեղեկատվական ամենազանգվածային` էլեկտրոնային միջոցները փաստորեն հայ դասական երաժշտության մասին գրեթե լռում են: «Այնպիսի տպավորություն է, ասես բյուզանդականի հետ անհետացել է նաեւ հայկական մշակույթը»: Այս բացը լրացնելու փորձերից է «Անահիտ» մշակութային հիմնադրամի` հայ երաժիշտների կայքէջերի ստեղծման մտահղացումը: Առաջինը, որ ստեղծվել է եւ ներկայացրեց Նունեն, հանրահայտ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի կայքէջն է` անգլերենով եւ ռուսերենով, պատրաստվում են հայերեն, ֆրանսերեն եւ արաբերեն տարբերակները: Կայքէջի տարբեր բաժիններ ներկայացնում են ջութակահարուհու ստեղծագործական ուղին` կենսագրությունը, շրջագայությունների աշխարհագրությունը, մանկավարժական եւ գիտական գործունեությունը, առանձին` լուսանկարների սրահը, արձագանք-տպավորությունների անկյունը: Նա առաջարկեց ներկաներին` հայ երաժիշտների կայքէջերի ստեղծման համագործակցության ծրագիր` ձայնագրություններ, արխիվային նյութեր, հոդվածներ տրամադրելով:

Իր համեստ միջոցներով հիմնադրամը թեեւ փոքրաքանակ, բայց կարողացել է թողարկել ջութակի հայկական կատարողական արվեստի ինչպես նշանավոր, նաեւ մոռացության տրված երաժիշտների` Անահիտ Ցիցիկյանի, Գուրգեն Ադամյանի, Ավետ Գաբրիելյանի, Կոմիտասի քառյակի առաջին սերնդի արխիվային ձայնագրությունների CD-ները: Ինչպես նաեւ Ցիցիկյանի ժամանակակից հայտնի ջութակահարների (Մեդեա Աբրահամյան, Վահրամ Սարաջյան) հազվադեպ պահպանված ձայնագրությունների հնարավորինս ամբողջական անթոլոգիա-CD` «Հայկական ջութակային արվեստը» խորագրով: Նոր CD-ները ներկայացրեց հիմնադրամի փոխտնօրեն Արմինե Սարգսյանը:

Ակտուալ թեմա էր շոշափում ՌԴ եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Արուտյունովի ելույթը` նորագույն տեխնոլոգիաների եւ հումանիտար գիտությունների զուգակցումների վերաբերյալ: Ըստ այդու, ներկայիս արտաքուստ թվացող տնտեսական ճգնաժամը խորքում նախանշում է մեխանիկական քաղաքակրթության ավարտը եւ ինֆորմացիոն քաղաքակրթության սկիզբը: Եվ ապագայի նոր, աներեւակայելի հնարավորություն բացող նանո-տեխնոլոգիաները ոչ թե սպառնում, այլ լուսավոր հեռանկարներ են բացում: Այնպես, որ ձեւավորվող արժեքային նոր համակարգերը նոր մտածողություն են առաջադրում, նաեւ հինը ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով պահպանելու հնարավորություն տալիս:

Իրինա Տիգրանովան` հուզական ու հոգեւոր ներաշխարհի երաժշտագետ, ներկայիս տեխնոմտածողությանը թերեւս անհաշտ, նկատեց, որ իրական արվեստը նրա թրթռացող գոյության մեջ է, եւ որ թանգարանները, համերգասրահները դեռ երկար մարդկանց դեպի իրենց կձգեն, եւ որ երկրային կյանքի պաթոսը մարդու զգացական-հոգեւոր կերպի, ապրումի ջերմության ու փոխանցելիության մեջ է: Ժամանակի պահանջի գիտակցումով, անշուշտ, նա արժեւորեց հիմնադրամի գործունեությունը, հատկապես հայ երաժշտական արվեստի ինտերնետային հանրագիտարան ստեղծելու մտահղացումը եւ բարձր գնահատեց Նունեի` մոր հիշատակը այդպես սրբորեն պահելու եւ նրա կենդանի գոյությունը մշտապես զգացնելու որդիական ապրումը:

Հնչեց հրաշքով փրկված «Կռունկի»` Անահիտ Ցիցիկյանի կատարումը: Ասում են` պատահաբար ոչինչ չի լինում: Մայիսի 2-ին` Անահիտ Ցիցիկյանի մահվան տասներորդ տարելիցի օրը նրա կայքէջի շնորհանդեսային երեկոն կազմակերպվեց: Ջութակահարուհին արտասահմանյան հյուրախաղերի իր այնքան սուղ ժամերին կարողացել է պահեր գտնել` գրադարաններում արխիվային նյութեր որոնելու. նա փնտրում եւ ի հայտ էր բերում երաժիշտների անհայտ գործեր, կորած անուններ եւ հրապարակում: Իր դստեր այս աշխատանքները յուրատեսակ մի շարունակություն են նրա այդ ազգաշահ գործի:

Երեկոյի ավարտական կարճ համերգը (Ալեքսանդր Սահակյան, Սոֆյա Սայադյան, Արմինե Գրիգորյան) վերստին փաստեց հայ երաժշտական արվեստի բարձր չափանիշները եւ այն միջազգայնորեն ընդունելի դարձնելու իրավունքը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4