«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2009-05-01 | #80, 2009-05-05 | #81, 2009-05-06


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻԱՅՆ «ՓՅՈՒՆԻԿԸ»

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 350 ակումբների ցանկը: Այն հաշվի է առնում թիմերի ցուցանիշները 2008-ի մայիսի 1-ից 2009-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ինչպես ազգային առաջնություններում, այնպես էլ միջազգային մրցասպարեզներում:

2008-ի դեկտեմբերից, արդեն 5-րդ ամիսն է, ինչ ուժեղագույն ակումբների ցանկը գլխավորում է չեմպիոնների ներկայիս գավաթակիր «Մանչեսթր Յունայթեդը»: Դասակարգման ցուցակը հրապարակվում է 1991-ից: Ընդհանուր հաշվարկով «Մանչեսթր Յունայթեդն» արդեն 26 անգամ գլխավորել է լավագույնների ցանկը: Այս ցուցանիշով նա 2-րդ տեղում է եւ զիջում է միայն «Միլանին», որը 37 անգամ է ստանձնել առաջատարի դերը: Ընդհանուր առմամբ, 23 թիմերի է հաջողվել գլխավորել 350 ուժեղագույն ակումբների ցանկը: 19-ական անգամ լավագույնն են ճանաչվել «Լիվերպուլը» եւ «Բարսելոնը»: Լավագույն հնգյակը եզրափակում է իսպանական «Սեւիլիան», որին 17 ամիս հաջողվել է գլխավորել ցանկը:

Դասակարգման հերթական ցուցակում Հայաստանը ներկայացնում է միայն երկրի չեմպիոն «Փյունիկը», որը գերազանց է մեկնարկել առաջնությունում` 6 հանդիպումներն էլ ավարտելով հաղթանակով: Հենց դրա շնորհիվ էլ «Փյունիկին» հաջողվել է ընդգրկվել 350 ուժեղագույն ակումբների շարքում: Նախորդ ամսում «Փյունիկը» 356-րդ տեղում էր, իսկ այժմ զբաղեցնում է 295-րդ հորիզոնականը:

Լավագույն տասնյակում որոշակի փոփոխություններ են կատարվել: Նախորդ ամսվա համեմատ տասնյակում տեղ են զբաղեցրել «Համբուրգը» եւ Դոնեցկի «Շախտյորը»: «Չելսին» 5-րդ տեղից տեղափոխվել է 3-րդ հորիզոնական, իսկ նախկինում այդ տեղում ընթացող «Լիվերպուլը» նահանջել է 6-րդ հորիզոնական: Կիեւի «Դինամոն» 10-րդ տեղից բարձրացել է 7-րդ հորիզոնական: «Արսենալը» 8-րդ տեղից երեք հորիզոնականով առաջընթաց է ապրել: Իսկ բրազիլական «Սան Պաուլոն» 7-րդ տեղից նահանջել է 9-րդ հորիզոնական:

Ահա լավագույն տասնյակի ցուցանիշները:

1. «Մանչեսթր Յունայթեդ»302
2. «Բարսելոն»282
3. «Չելսի»254
4. «Բոկա Խունիորս»253
5. «Արսենալ»245
6. «Լիվերպուլ»240
7. «Դինամո» Կիեւ227
8. «Համբուրգ»226
9. «Սան Պաուլո»223
10. «Շախտյոր»218,5

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4