Երեկ մայիսի 31-ին կայանալիք Երեվանի քաղաքային ավագանու ընտրությունների նախընտրական իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը: Ըստ այդմ` ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախընտրական առաքելությունը, մայիսի 3-6-ը հանդիպելով կառավարության եւ քաղաքային պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների մեծ մասի թեկնածուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, եվրոպական եւ ոչ եվրոպական երկրների մի խումբ դեսպանների հետ եւ գնահատելով Հայաստանի նախընտրական իրավիճակը` նշում է իր այն պատկերացման մասին, որ սպառնալիքներ կան այս ընտրությունների պատշաճ անցկացման համար, մասնավորապես` կապված ընտրողների գրանցման եւ հավաքագրման, ձայները հաշվելու եւ քարոզարշավի լրատվական օբյեկտիվության առումով:
«Մենք մտահոգ ենք, որ Երեւանի քաղաքացիների իրական կարիքները կարող են մի կողմ մղվել այս առճակատման պատճառով», առաքելության այս հանգրվանի ավարտին ասել է պատվիրակության անդամ, կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինին` այն տպավորությունը ստանալով, որ քաղաքապետի ինստիտուցիոնալ եւ քաղաքական դերը վտանգված է իշխանական քաղաքական ուժերի եւ ընդդիմության միջեւ խիստ առճակատման պատճառով: Պատվիրակության մեկ այլ անդամՙ Նայջլ Մերգամենն էլ նշել է, որ մինչեւ դիտորդական առաքելության ավարտը` մայիսի վերջը, իրենց այս պահի տեսակետները հաշվի են առնվելու: Իսկ Միշել Գեգանը, չնայած այս մտահոգություններին, վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կանեն առավելագույնը` այս ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: Այս բոլորի մասին տեղեկանում ենք ԵԽ տեղեկատվական գրասենյակի հրապարակման մեջ:
Մ. Խ.