Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ուսանողների հետ: «Հայաստանի ուսանողական ֆորում» ՀԿ-ի նախաձեռնությունը նպատակ ունի օգնել ՊՆ-ին` բարձրացնելու հայ երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին:
«Ռազմահայրենասիրական ոգու բարձրացման գործընթացի մեկնարկը տրված է: Առջեւում ծրագրերն են ու դրանց հետեւողական իրականացումը», ասել է Սեյրան Օհանյանը :
Ուսանողական միությունների եւ ազգային բանակի կապերի ամրապնդման ուղիների, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ՀԿ-ների դերի վերաբերյալ ելույթ են ունեցել «Հայաստանի ուսանողական ֆորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում, պաշտպանության նախարարի հրամանով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով են պարգեւատրվել ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների եւ հանրապետության բուհերի ուսանողների միջեւ մայիսի 5-ին կայացած մրցույթի հաղթողները:
Ուսանողների հետ հանդիպման սկզբում Սեյրան Օհանյանը փարատել է ուսանողների մտահոգությունը, բացառելով զինվորական ծառայության ժամկետի երկարացումը: Հարց ու պատասխանի ժամանակ հատկապես ակտիվ են եղել աղջիկները:
«Ինչո՞ւ կանայք չեն ծառայում բանակում հարցին» նախարարը պատասխանել է. «Կարծում եմ, տղամարդիկ իրենց վատ կզգան, որ աղջիկները մարտական ստորաբաժանումներում ծառայեն, բայց կարելի է մտածել հետագայի համար: Պարզապես մենք պետք է ունենանք համապատասխան օրենսդրական դաշտ եւ համապատասխան պայմաններ»:
Ն. Մ.