«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


ՍՈՑԻՈԼՈԳ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՎՐԴՈՎՎԱԾ Է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով, Երեւանի քաղաքապետի ընտրությանը անհրաժեշտ 7 տոկոսի շեմը միարժեք հաղթահարում են Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրեսը:

Ահարոն Ադիբեկյանը երեկ «Հայացք» ակումբում հրապարակեց սոցհարցման տվյալները, որով պարզել է, թե երեւանցիներն ում են ավելի շատ վստահում իրենց սոցիալական խնդիրների լուծումը: Ըստ այդմ, առաջինը ՀՀԿ-ն էՙ 39,8 տոկոսով, երկրորդը «Բարգավաճ Հայաստանն» էՙ 23 տոկոսով, իսկ երրորդը Հայ ազգային կոնգրեսն է` 11 տոկոսով:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օր առաջ «Շանթ» հեռուստաընկերության եթերից հայտարարել էր, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, եւ ասել, որ եթե «թիվ մեկ» սոցիոլոգը կարողանա հրապարակավ ապացուցել իր թվերի իսկությունը, ապա ինքը նրան մեկ միլիոն դոլար կտա, իսկ եթե Ահարոն Ադիբեկյանը չկարողանա ապացուցել, եւ պարզվի, որ նրա անցկացրած սոցհարցումները հորինված են, ապա, ինչպես նշել է ԲՀԿ նախագահը, «մենք պատժելու ձեւերը գիտենք»:

«Ես տվել եմ 20 վարկանիշներից վեցը: Ուղղակի նկարագրել եմ այն իրավիճակը, որում գտնվում են մրցակիցները», ասում է Ահարոն Ադիբեկյանը, նշելով, թե ինքը կուսակցության վարկանիշը չէ, որ ներկայացրել է:

«Այդ թվերը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ կան 14 այլ գործոններ, որոնք ի վերջո կբերեն նրան, թե ձայնը տալու են, թե չեն տալու: Ու քանի որ դեռ խմորումները գնում են, ես վարկանիշ չեմ տվել, չնայած ունեմ: Բայց դա մեր աշխատանքայինն է», ասում է Ահարոն Ադիբեկյանը:

«Եթե ես վարկանիշ տված լինեի, կգայի «Շանթ», կհաստատեի վարկանիշս եւ այդ միլիոն դոլարը կամ դրամը, որովհետեւ Ծառուկյանը երկուսն էլ ասաց, երկուսից մեկը կստանայի: Եվ ընդհանրապես, ես ուղղակի ցավում եմ, որ նման մասշտաբի քաղաքական գործիչը փորձում է մտնել քաղաքական վերնախավի առաջին շարքը, ղեկավարել մի ուժ, որը հավակնում է լինել եթե ոչ առաջինը, ապա երկրորդը, եւ սոցիոլոգիան համեմատում է ռեստորանային նվագախմբի հետ, որը կարող է իր համար ձոն երգի «թագավոր ախպոր» մասին: Ես ցավում եմ, ուղղակի ցավում եմ, որովհետեւ ես փորձել եմ նրա հետ համագործակցել եւ ցույց տալ, որ ժամանակակից մենեջմենտը քաղաքական ինչ ձեւաչափերով է ընդհանրապես ընթանում: Ու եթե նա այդքան «կրուտոյ ա», որ կարող է միլիոն դոլար ինձ տա, թող հինգ տոկոսը տա «Գելափին», կամ տասը տոկոսը, առնի «Գելափին» եւ «Գելափը» հաստատի, որ Ծառուկյանը ամենատաղանդավոր քաղաքական գործիչն է, որ նրա «Բարգավաճ Հայաստանն» ամենավարկանիշային կազմակերպությունն է, իսկ Քուշկյանն ամենաանցողիկ քաղաքապետն է: Թող փորձի առնել, կամ «Լեւադա» կենտրոնին ես կարող եմ զանգ տալ, խնդրել, որ գան, հետազոտություն անեն, եթե ինքը այդքան վստահ է այն խոսքերում, որը ասում է: Նա պետք է ներողություն խնդրի ոչ թե ինձանից, այլ սոցիոլոգիայից, որովհետեւ 20-րդ դարը երկու գիտություն է տվել ինֆորմատիկայի հետ կապված` սոցիոլոգիան եւ կիբեռնետիկան», ասում է Ահարոն Ադիբեկյանը:

Այնուհետեւ «Հայացք» ակումբում բանավեճ ծավալվեց Ահարոն Ադիբեկյանի եւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի միջեւ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4