«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 70 ՏՈԿՈՍԸ ԶԳԱՑԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Առավել տուժել են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, շինարարությունը, անփոփոխ են մնացել սննդարդյունաբերության աճի տեմպերը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր երկրի բնակչության եկամուտների վրա ճգնաժամի բացասական ազդեցության վերոնշյալ ցուցանիշով է սկսվում «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի «Հայաստանի տնտեսության վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության իրավիճակային գնահատումը» զեկույցը, որը երեկ «Նովոստի» գործակալությունում ներկայացրեց կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը:

Մասնավոր հատվածի 60 ձեռնարկությունների հարցման արդյունքներից պարզվել է, որ նրանց 90 տոկոսը զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունը: 5 տոկոսը նշել է, որ ճգնաժամը չի ազդել իր ընկերության վրա, 5 տոկոսն էլՙ որ չի ազդի: Բացասական ազդեցությունն արտահայտվել է վաճառքի ծավալների կրճատման, վճարումների ուշացման կամ չկատարման, ֆինանսների ներգրավման դժվարությունների տեսքով: Որպես ճգնաժամին դիմակայելու միջոց գործարարներն առաջին հերթին դիտարկում են վարչական ծախսերի կրճատումը եւ ներդրումների իրականացման հետաձգումը, ապա նաեւ աշխատակիցների եւ աշխատավարձերի կրճատումները:

Գործարարները մատնանշել են նաեւ ճգնաժամի դրական հետեւանքներըՙ մրցակից ընկերությունների դիրքերի թուլացումը եւ հումքի ու սարքավորումների գների անկումը: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա հարցված գործարարների 77 տոկոսը այն տեսակետն է հայտնել, որ ճգնաժամի բացասական ազդեցությունն էական կլինի Հայաստանի տնտեսության եւ բնակչության վրա 2009-ի ընթացքում: 15 տոկոսն այն կարծիքին է, որ ճգնաժամի ազդեցությունն էական չի լինի, քանի որ կառավարությունը մեղմել է դրա ազդեցությունը: Ըստ հարցվածների 8 տոկոսի, ճգնաժամը կհաղթահարվի մոտակա ամիսներին, ինչի համար կան անհրաժեշտ ռեսուրսներ:

Տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ Մանուկ Հերգնյանը նշեց, որ 2008-ի հուլիսից համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը նվազել է, իսկ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է տնտեսական անկում: Տնտեսության ճյուղերից առավել տուժել են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, շինարարությունը: Սակայն անփոփոխ են մնացել սննդարդյունաբերության աճի տեմպերը: Ըստ «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի տնօրենի, դրա հնարավոր պատճառներն են ճգնաժամի ժամանակ նկատվող որոշ փոքրարժեք եւ բազային ապրանքների պահանջարկի աճը, ստվերի կրճատումը եւ ներմուծման փոխարինման էֆեկտը:

2009-ի սկզբից արձանագրվել է գնաճի տեմպի անկում, որը որոշակիորեն հակադարձվեց ապրիլիցՙ դրամի արժեզրկման արդյունքում: Բանկերում ավանդների ընդհանուր մակարդակը գրեթե չի փոխվել, բայց սեպտեմբերից սկսած դոլարային ավանդների տեսակարար կշիռն ավելացել էՙ հասնելով 72 տոկոսի:

Կրճատել են ներմուծման եւ արտահանման ցուցանիշները: Ներմուծման մեջ 30 տոկոսով նվազել է պատրաստի սննդի եւ 20 տոկոսով հանքահումքային արտադրանքի ծավալը, արտահանման մեջ 70 տոկոսով նվազել է հանքահումքային արտադրանքի, 40 տոկոսով պատրաստի սննդի արտահանումը: Նվազել է մասնավոր փոխանցումների աճի տեմպըՙ կազմելով 15 տոկոս:

Հետազոտության մեջ նշվում է, որ ճգնաժամի ազդեցությունն արագ տեղափոխվեց Հայաստան, ինչը վկայում է արտաքին շոկերից մեր տնտեսության խոցելիության մասին: Խոսելով Հայաստանում ճգնաժամի այլ առանձնահատկությունների մասին, Մանուկ Հերգնյանը նշեց դրա արագ տարածմանը նպաստող գործոններիՙ արտահանման մեջ հանքահումքային արտադրանքի մեծ բաժնի եւ արտաքին փոխանցումներից մեծ կախվածության մասին: Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում ճգնաժամը սկսվեց ոչ թե ֆինանսական շուկայում, այլ իրական հատվածում, իսկ բանկային համակարգի տնտեսության մեջ ներգրավվածության ցածր աստիճանը զերծ պահեց ֆինանսական համակարգին ցնցումներից: Հետազոտության մեջ արձանագրվում է, որ մարտին դրամի արժեզրկումը դրական ազդեցություն է թողել տեղական արտադրության վրա:

  «Ագգի» հարցին, թե կհաջողվի՞ Հայաստանին առաջին եռամսյակի 6,1 տոկոս տնտեսական անկումից հետո տարեկան ունենալ զրոյական աճ, Մանուկ Հերգնյանը պատասխանեց, թե Հայաստանի համար լավագույնը կլինի, որ տարին եզրափակենք փոքր տնտեսական անկմամբ: Նա նաեւ ավելացրեց, որ սովորաբար ճգնաժամերը տեւում են 3-4 տարի, եւ եթե համարենք, որ 1 տարին անցել է, ապա դեռ 2-3 տարի կպահանջվի հաղթահարելու համար:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավարը կարծիք հայտնեց, որ ճգնաժամը Հայաստանին առավելություններ է տալիս այլ երկրների համեմատ: Ճգնաժամը ծագել է ֆինանսական ռեսուրսների ուռճացած սպառումից եւ այն այժմ փորձ է արվում հաղթահարել նույն ձեւով, իսկ Հայաստանում դա չկա: Մեր երկրի համար առաջացել են մրցունակության եւ արտադրողականության բարձրացման խթաններ: Այս իրավիճակում լավագույնն այն է, որ շարունակվեն բարեփոխումները եւ իրականացվեն ենթակառուցվածքային ծրագրերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4