«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


«ՅԱԿՈՎ ԶԱՐՈԲՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ»

Հայաստանի պատմության մեջ ծանրակշիռ դերակատարություն ունեցած անձանց շարքում Խորհրդային Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանն առանձնանում է ազգային ու տնտեսական հեռահար ծրագրերի իրականացմամբ: Նրա պաշտոնավարած տարիներին են իրականացվել այնպիսի մեծարժեք ծրագրեր, ինչպես Արփա-Սեւան թունելի կառուցման սկիզբը, հայրենադարձության շարունակական ընթացքը, Հայոց ցեղասպանության 50 տարին պետականորենՙ խորհրդային պետությունում նշելը:

Յակով Զարոբյանի մասին շատ է խոսվել տարբեր հեռուստահաղորդումներում, տպագրվել մամուլում, սակայն կարեւոր էր ասելիքն ամբողջացնել մեկ գրքում: Վերջինն արել է նրա որդինՙ Նիկիտա Զարոբյանը: Անցած տարի Ռուս-հայկական սլավոնական համալսարանը հրատարակել է «Յակով Զարոբյանն ու նրա ժամանակաշրջանը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ նույն համալսարանում:

«140 արխիվային, փաստագրական աղբյուրներից եմ օգտվել, 4 ամիս ուսումնասիրել տեղեկությունները, որոնց գումարել եմ նաեւ սեփական հիշողություններս: Արդյունքն այս գիրքն է, որում առանցքայինը 1960 թվականի դեկտեմբերի 30-ից 1966 թվականի փետրվարն ընկած ՀՍՍՀ կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատելու ընթացքի ներկայացումն է», տեղեկացրեց Նիկիտա Զարոբյանը:

«Յակով Զարոբյանն ու նրա ժամանակաշրջանը» գրվել ու հրատարակվել է ռուսերեն: Խնդիր եւ նպատակ կա հայերեն թարգմանելու, սակայն դեռեւս միջոցներ չկան:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4