Վերջերս Երեւանի ութ համալսարաններից հնգական ուսանողներ, որոնք ապագա լրագրողներ են, հետաքննել են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության կամ, այլ կերպ ասած, աղանդի գործունեությունը: Նրանց աշխատանքը բավականին լայն արձագանք գտավ հանրության շրջանում, քանի որ ուսանողները նաեւ մամլո ասուլիսով ներկայացրին իրենց բացահայտումները, որոնք հոդվածներ եւ զեկույցներ են: Չնայած նրանց մեկամսյա աշխատանքը «խաղարկային» բնույթ էր կրում, այսինքնՙ դիտարկվող թեման իրական էր, իսկ մանրամասները կամ «փնտրվող անձինք»ՙ մտացածին, կարեւորությունը դրանից չի խամրում: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Լիլիկ Ստեփանյանը պատմում է, որ իրական են այդ աղանդի կայքէջը, հավաքատեղին, ուր այցելել են ուսանողները, իրենց աչքով տեսել ու ականջով լսել են, թե ի՞նչ է իրականում այդ կրոնական կազմակերպությունը:
Ուսանողները բացահայտել են, որ հիշյալ աղանդը ունի ոչ այնքան խաղարկված, որքան իրական վտանգ: Ինչպես Լիլիկ Ստեփանյանն է նշում, իր ուսանողները հանդիպել են նաեւ աղանդի ղեկավարության հետ, «որքանով նրանք հասու են եղել»: Ուսանողական «Անցուդարձ» թիմի անդամ, ուսանող Գեւորգ Ավչյանը ընդգծում է. «Ուսումնասիրելով իրականում գործող «Կյանքի խոսք» աղանդի գործունեությունը, հայտնաբերել ենք ոչ միայն ստվերային բիզնես, երբ այդ կազմակերպության հետ կապ չունեցող մեկը ծանոթացնում էր զոհին «հովվի» կամ մեկ այլ խաբեբայի հետ, որը տասանորդ էր հավաքում մարդկանցից եւ յուրացնում, այլեւ ցանցային լավ կազմակերպված բիզնեսի ողջ համակարգ: Նրանք իրականացնում են դրամների հավաքում ինտերնետով, բանկային հաշվեհամարով եւ այլն: Մեծ գովազդային գործունեություն են իրականացնում, ունեն գրասենյակներ, միջազգային կաբելային հեռուստատեսություն եւ այլն: Այս իմաստով, խաղ էլ կա, խաղ էլ: Տվյալ դեպքում, իրականությունն ավելի վատն էր, քան մեր խաղն էր ենթադրում: Պատկերացրեք, որ ցանկության դեպքում Դուք էլ նրանց ինտերնետ կայքէջում կգտնեք նման հայտարարություն. «Ցանկանո՞ւմ ես մաքրվել մարդկային մեղքերից, վճարիր տասանորդ կամ կատարի՛ր նվիրատվությունՙ հիմա: Այսինքնՙ մարդկային հոգին հանված է վաճառքի որպես որեւէ ապրանք»:
Ուսանողական խաղ-աշխատանքները կատարվել են մրցույթի շրջանակներում, որ ֆինանսավորում է Նիդեռլանդների արտգործնախարարությունը: Այս մասին մեզ պատմում է Մարիամ Թիլմանզըՙ Եվրոպական լրագրության կենտրոնի ներկայացուցիչը: «Այս շատ հաջողված ծրագիրը կոչվում էր խաղ աղանդների գործունեության մասին, բայց շատ նման է մեր առօրյայում առկա իրական խնդիրներին: Ես ուրախ եմ, որ ուսանողներին հնարավորություն տրվեց իրենց մասնագիտական գիտելիքներն օգտագործելու, որ ինֆորմացիայի հոսքի միջից կարողանան օբյեկտիվորեն գտնել, գրել եւ մատուցել ճշմարտությունը», նշեց Մարիամ Թիլմանզը, կարեւորելով ուսանողի գործնական աշխատանքը, մասնագիտական գիտելիքների օգտագործումը պրակտիկայում:
Խաղ-մրցույթի վերջին հանդիսավոր ակորդըՙ մրցանակաբաշխությունը կատարվեց Մամուլի ազատության օրըՙ մայիսի 3-ին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում: Բայց մինչ հանդիսավոր արարողությունը հյուրերը որպես ուխտավոր եղան Սեւանի Ս. Առաքելոց վանքում, ուր պատարագ մատուցեց Արարատյան հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր, «Արարատ» երիտասարդաց միության հոգեւոր հովիվ Հակոբ քհն. Խաչատրյանը: Ապա մատաղի արարողություն ու սիրո ճաշ կազմակերպվեց, որից հետո մրցույթի եւ մրցանակաբաշխության օրվա կազմակերպիչ, «Դիֆենս» իրավաբանական գրասենյակի հիմնադիր Կարեն Անդրեասյանը բացեց հանդիսավոր ցերեկույթը: Նա հիշեցրեց մրցույթի մասնակիցների անձնվեր աշխատանքի, մասնագիտական փնտրտուքի դժվարությունների ու դրանց հաղթահարման եռանդի մասին: Մրցանակներ ստացան մրցող երեք թիմերՙ USEL համալսարան, «Հայ-ռուսական սլավոնական համալսարան», իսկ գլխավոր մրցանակին արժանացան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները: Մրցանակն էրՙ ուսուցողական ուղեւորություն Նիդեռլանդներ: Եղան նաեւ անհատական մրցանակներ, որոնց արժանացան «Հյուսիսային» եւ «Անանիա Շիրակացի» համալսարանների ուսանողները: Հաղթողների ուրախությունը գրագետ եւ գեղեցիկ երգասացությամբ շնորհավորեցին ԱՀԹ «Արարատ» երգչախմբի եւ Վազգենյան հոգեւոր դպրանոցի սաները:
Թե՛ մրցույթի թեման, թե՛ ուսանողների ջանադիր աշխատանքը մեծ ոգեւորություն էին պատճառել Հակոբ քհն. Խաչատրյանին: Մրցանակների հանձնման արարողության ժամանակ Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը գոհունակությամբ շեշտեց. «Այսօր ականատես ենք ապրող, շնչող մեր եկեղեցու միաբանության: Այս երիտասարդների նվիրումը, նրանց ջանադիր աշխատանքը եւ օբյեկտիվությունը վստահություն են ներշնչում, որ աղանդների իսկական վտանգները որպես մարտահրավեր հասկանալի են նաեւ երիտասարդ սերնդի մտավորականներին, որոնք նախ իրենք հեռու կմնան աղանդների որոգայթներից, ապա այդ մասին կզգուշացնեն իրենց հարազատներին, մտերիմներին, հասարակությանը»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Սեւան-Երեւան