«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ Ի ՀԱՅՏ ԵՆ ԵԿԵԼ

Մեկնարկել են բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Տղամարդկանց պայքարում հաջող են մեկնարկել հանրապետության չեմպիոն «Պոլիտեխնիկը» եւ նորաստեղծ «Հատիսը»: Վերջինիս կազմում հանդես են գալիս փորձառու մի շարք բասկետբոլիստներ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ «Հատիսը» կարող է լրջորեն մրցակցել չեմպիոնի տիտղոսի համար: Համենայն դեպս, թիմի մեկնարկը հուսադրող է: Մեկնարկային խաղում «Հատիսը» Գյումրիում 72-60 հաշվով պարտության մատնեց տեղի համանուն թիմին: Հաջորդ խաղում «Հատիսի» բասկետբոլիստները սեփական հարկի տակ առավելության հասան «Արաբկիր ՖԻՄԱ-ի» նկատմամբ (87-73):

Չեմպիոնին վայել խաղ է ցուցադրում «Պոլիտեխնիկը»: Առաջին խաղում թիմի մրցակիցը նորաստեղծ «Սփյուռքն» էր, որում հիմնականում հանդես են գալիս Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողները: Չեմպիոնը հաղթեց 18 միավորի առավելությամբ (72-54): Գյումրիում տեղի թիմի հետ մրցապայքարում «Պոլիտեխնիկի» առավելությունն ավելի ցայտուն էր (103-79):

Երկու հաղթանակ են տոնել նաեւ «Արաբկիր ՖԻՄԱ-ի» բասկետբոլիստները` պարտության մատնելով «Սփյուռքին» (88-76) եւ «Գյումրիին» (81-74):

Կանանց մրցապայքարում իրենց լավագույն կողմերով են դրսեւորում «Գրանդ Քենդին» եւ Գյումրու մանկավարժական համալսարանի (ԳՄՀ) թիմը, որոնք մեկնարկից ստանձնել են առաջատարների դերը: «Գրանդ Քենդիի» բասկետբոլիստուհիները հաջորդաբար պարտության են մատնել «Աջեռային» (75-25), «Գյումրիին» (73-38) եւ «Հատիսին» (82-30): ԳՄՀ-ի թիմը հաղթել է «Գյումրիին» (87-37), «Հատիսին» (84-55) եւ «Աջեռային» (85-42):

Մասնակիցներից առայժմ պայքարի մեջ չեն մտել «Արցախի» կանանց եւ տղամարդկանց թիմերը: Բասկետբոլի հանրապետական ֆեդերացիան ընդառաջել է արցախյան թիմերին, որ արտագնա հանդիպումները նրանք անցկացնեն հայաստանյան մեկ այցի ժամանակ, որպեսզի կրճատվեն ծախսերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4