«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2009-05-06 | #82, 2009-05-07 | #83, 2009-05-08


ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Սարգսյանն ու Ալիեւը Պրահայից հետո կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

Եվրոմիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովն ավարտվեց

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Մայիսի 7-ին Պրահայում ԱՄՆ դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը երկու երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի մասնակցությամբ, որը տեւեց 2.5 ժամ: Հանդիպումից անմիջապես հետո լրագրողների առջեւ հայտարարությամբ հանդես եկան եւ հարցերին պատասխանեցին Մինսկի խմբի համանախագահներ Բրայզան, Ֆասիեն եւ Մերզլյակովը: Ամերիկացի համանախագահը մասնավորապես նշեց, որ երկու նախագահները կառուցողական հանդիպում ունեցան եւ ի վիճակի եղան նվազեցնելու իրենց տարաձայնությունները սկզբունքային խնդիրներում: Նրա կարծիքովՙ կողմերը հիմնականում համաձայնության եկան այն հիմնարար սկզբունքների շուրջը, որոնք առաջարկել էին համանախագահները: «Ազգ»-ի տեղեկությամբ այդ հիմնարար սկզբունքների հիմքում եղել են Մայնդորֆյան հռչակագիրը, այսինքնՙ ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառումը եւ տարածքային ամբողջականությունը: Բրայզան նաեւ նշեց, որ նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին առաջիկա շաբաթներին միջնորդների հետ շարունակել քննարկումները առանցքային հայեցակարգի մշակման ուղղությամբ: Իսկ Յուրի Մերզլյակովը ընդգծեց, որ կա սկզբունքային պայմանավորվածություն հաջորդ հանդիպումը հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին, մինչ այդ համանախագահները կհանդիպեն նաեւ կողմերի արտգործնախարարների հետ: Այդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան: Ըստ Բեռնար Ֆասիեիՙ համանախագահները մեծ աշխատանք ունեն կատարելու առաջիկա շաբաթներին եւ այդ առումով հույս է ներշնչում նաեւ այօրվա հանդիպումը: Լրագրողների այն հարցին, թե հանդիպման ժամանակ արդյոք քննարկվե՞լ են Ղարաբաղի կարգավիճակի, Լաչինի միջանցքի եւ հանրաքվեի հարցերը, դեսպան Մերզլյակովն առանց մեկնաբանելու պատասխանեց, որ լրագրողները լավ տեղեկացված են:

Արեւելյան գործընկերության գագաթաժողովի բացումից առաջ Հայաստանի նախագահը շփումներ ունեցավ եվրոհանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որոնք իրենց աջակցությունը հայտնեցին հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը: Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ներկայացված էին նախագահների մակարդակով, իսկ Մոլդովան եւ Բելառուսըՙ փոխվարչապետների: Գագաթաժողովն անցավ փակ դռների հետեւում: Լրագրողները հնարավորություն չունեին հետեւելու նիստերի ընթացքին նույնիսկ մամուլի կենտրոնում տեղակայված մոնիտորներից: Ի դեպ, Եվրոմիության գագաթաժողովը լուսաբանելու համար Երեւանից Պրահա են ժամանել հայկական լրատվամիջոցների քսանից ավելի ներկայացուցիչներ, այդ թվումՙ վեց հեռուստաընկերությունների եւ մի քանի լրատվական գործակալությունների ու թերթերի թղթակիցներ:

Գագաթաժողովում ստորագրված հռչակագրում մասնավորապես նշվում է, որ Արեւելյան գործընկերության հիմնական նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Եվրոպական միության եւ հետաքրքրված գործընկեր երկրների միջեւ քաղաքական եւ հետագա տնտեսական ինտեգրման արագացման նպատակով: Եվրոմիությունը ձգտելու է աջակցել նաեւ արեւելյան գործընկեր երկրներում քաղաքական եւ սոցիալ տնտեսական բարեփոխումներին, դյուրացնելով ԵՄ ուղղությամբ կատարվող մոտարկումը:

Երեկ օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահը հանդիպեց նաեւ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի հետ: Իսկ Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո ՀՀ նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4