«Թուրքական նախապայմաններն արդեն իսկ դարձել են պայմաններ եւ ամրագրվել «համապարփակ շրջանակ»-ի մեջ», երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Բանախոսի խոսքերով` Հայաստանում հաճախ են հարցնում, թե, «ճանապարհային քարտեզում» կա՞ սահմանները փոխադարձաբար ճանաչելու խնդիր, ինչին «մեր արտաքին գործերի նախարարությունը եւ պաշտոնատար անձինք իրավացիորեն պատասխանում են` ոչ, «ճանապարհային քարտեզում» չկա նման դրույթ, որովհետեւ «ճանապարհային քարտեզը» ժամանակացույց է եւ չի պարունակում սկզբունքներ ու դրույթներ», ներկայացրեց Ստեփան Սաֆարյանը:
Սակայն, ըստ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի, ճիշտ կլինի հարցնել, թե «համապարփակ շրջանակում» ինչ կա, եւ բանախոսը կարծիք հայտնեց, որ «ճանապարհային քարտեզի» նորության պատճառով մի տեսակ բեւեռվել են դրա վրա, եւ ստվերում է մնացել «համապարփակ շրջանակը», որն, ըստ Ս. Սաֆարյանի, «շատ ավելի լուրջ փաստաթուղթ է» եւ ներառում է երկու երկրների նախագահների եւ արտաքին գործերի գերատեսչությունների կողմից առաջ քաշված խնդիրները:
«Եվ այս կտրվածքով պատահական չէր, որ անցած քառօրյայի ընթացքում մեր խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, բարձրացրեց վարչապետին ուղղված այդ հարցըՙ թափանցիկության ոգով հրապարակել համապարփակ շրջանակը: Հետեւեց պատասխանը, որ այդ հարցին պատասխանել է ՀՀ նախագահը: Այսինքնՙ համապարփակ շրջանակի բովանդակության հետ կապված խնդիրը շարունակում է մտահոգություն լինել, քանի որ այդ համապարփակ շրջանակի մեջ է, որ հայկական կողմը առաջադրել է երեք խնդիր` բացել հայ-թուրքական սահմանը, երկրորդ` հաստատել միջդիվանագիտական հարաբերություններ, երրորդ` ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Այս երեք խնդիրները շատ խորամանկորեն թուրքական կողմը որսացել եւ համալրել է եւս երկու խնդրով: Առաջինը` ճանաչել այդ սահմանը, այսինքնՙ սահմանի ճանաչման կետ է մտել, եւ վերջին կետը` պաշտոնական ճանաչման դնել երկու երկրների խորհրդարաններում: Այս հինգ կետերը իրականում ոչ թե «ճանապարհային քարտեզի» բովանդակությունն են, այլՙ համապարփակ շրջանակի բովանդակությունը», նշում է բանախոսը:
Որպես Թուրքիայի հաջորդ նախապայման էլ Ս. Սաֆարյանը նշեց ԼՂ-ի խնդիրը, որն ըստ նրա, օրակարգում դրված է բանավոր կերպով. «Թուրքիան հիմար պետություն չէր, որ գրավոր փաստաթղթում իր վրա վերցներ ԼՂ-ի հակամարտությունը: Բայց նա չէր ցանկանում կորցնել Ադրբեջանին եւ կարողացավ հասնել, որ բանավոր կարգով երկու գործընթացների ժամանակացույցը կապվեց միմյանց եւ այսօր թուրքական այդ նախապայմանը գործողության մեջ է: Եվ այս խորապատկերի վրա, այսօր ՀՀ նախագահի կողմից որեւէ փաստաթղթի (անգամ դատարկ փաստաթղթի) ստորագրումը ուղղակի վտանգավոր է: Որովհետեւ միայն այդ չարաբաստիկ սկզբունքների տակ` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառումը, այս երեքի տակ ստորագրելը նշանակում է աղավաղել իրականությունը: Կարծում եմ` Հայաստանի արտաքին քաղաքականությունը թե՛ բանակցային գործընթացի տեխնոլոգիաների, թե՛ իրավիճակի գնահատականների առումով լուրջ խնդիր ունի հավաքելու իրարամերժ կարծիքներ, նոր դրանից հետո շփումներ կատարել: Այլապես ստացվել է, որ այսօր թուրքական կողմը հրաշալի կարողացավ իր կամ երրորդ կողմերի միջոցով իր նախապայմանները դարձնել պայմաններ, դարձնել օրակարգի հարցեր, իսկ մենք չկարողացանք»:
Իսկ հայ-թուրքական հարաբերություններն, ըստ բանախոսի, այսօր արգելակված են ժամանակավորապես այն պատճառով, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել հայ-ադրբեջանական առանցքով` ղարաբաղյան խնդրի ուղղությամբ. «Կոպիտ ասած` Հայաստանին հասկացվում է հետեւյալը` շատ եք ուզում բաց սահման Թուրքիայի հետ, շատ եք ուզում դիվանագիտական հարաբերություններ, ստորագրեքՙ ինչը դուք Մայնդորֆում եւ այլ տեղերում ասել եք, որ ձեզ համար ընդունելի է: Եվ հիմա մենք, իսկապես, հայտնվել ենք երկու կրակի արանքում, որովհետեւ իշխանության մակարդակով հավանություն ենք տվել մադրիդյան սկզբունքներին` գոնե նախնական»:
Ն. Մ.