«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2009-05-06 | #82, 2009-05-07 | #83, 2009-05-08


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ, ՍԱԿԱՅՆ ԲԱԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Չորեքշաբթի ուշ երեկոյան Թբիլիսիի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մոտ տեղի ունեցած բախումից հետո ցուցարարները հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, ուր ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ իրենց պայքարը շարունակելու է կրել խաղաղ բնույթ:

40-ամյա Իրակլի Կաբզինաձեն մասնակցել է 1990-ականների սկզբին տեղի ունեցած վրաց-աբխազական պատերազմին, մասնագիտության իրավաբան է, աշխատել է պահակախմբում, իսկ ապրիլի 9-ից ցուցարարների շարքերում է: Նա համոզված է, որ նախագահ Սաակաշվիլին պետք է հեռանա միայն խաղաղ ցույցերով: Իրակլի Կաբզինաձեն արդեն մի քանի գիշեր է անցկացրել N 143 վանդակում: «Ոստիկանության հետ տեղի ունեցած բախումից հետո մինչեւ ուշ գիշեր մենք այստեղ խաղաղ ցույց էինք անցկացնում: Այլեւս անհնար է հանդուրժել Սաակաշվիլուն: Նա պատերազմը տանուլ տվեց: Մենք այլեւս չենք կարող համագործակցել օսերի եւ աբխազների հետ, մինչդեռ առաջ միասին էինք ապրում», ասաց Իրակլի Կաբզինաձեն:

58-ամյա Կամաս Վաշագմաձեն Թբիլիսի է եկել Իմերեթիի շրջանի Ռոխի գյուղից: Նա էլ երկու շաբաթ է ապրում Ռուսթավելու պողոտայում տեղադրված վանդակներից մեկում: «Ես իմ մասին այլեւս չեմ մտածում, բայց ուզում եմ, որ գոնե երիտասարդները լավ ապրեն: Գյուղում նրանք ոչինչ չունեն, կրթությունն էլ այնքան թանկ է, որ քչերն են կարողանում համալսարաններում սովորել: Մենք պայքարում ենք բաց ձեռքերով եւ մեր ցանկությունն է, որ երիտասարդներն ավելի լավ ապրեն», ասաց Կամաս Վաշագմաձեն:

Նինո Պուճորիշվիլին գիշերները վանդակում չի քնում, սակայն ամեն օր գալիս է ցույցերի: Պատմում է, որ աշխատանքից իրեն հեռացրել են առանց որեւէ հիմնավորման, սակայն համոզված էՙ պատճառը տարիքն է: Նինո Պուճորիշվիլին 56 տարեկան է: Մի քանի ամիս է, ինչ գործազուրկ է: Ցույցերին մասնակցում է, որովհետեւ հուսով է, որ նախագահի հրաժարականի դեպքում փոփոխություններ կլինեն: «Սաակաշվիլին խախտում է օրենքները, իրեն բացառիկ համարում: Եթե երկրի նախագահը չի հարգում օրենքները, ապա քաղաքացիներն էլ չեն հարգի: Այդպես էլ ինձ եւ շատերին հեռացնում են աշխատանքից առանց որեւէ հիմնավորման», ասաց Նինո Պուճորիշվիլին:

Հ.Գ. Ոստիկանության հետ տեղի ունեցած բախումից կարճ ժամանակ անց մի մեքենա սրընթաց անցել է Ռուսթավելու պողոտայով մինչեւ Ազատության հրապարակ` ավերելով մի քանի վանդակներ, որտեղ այդ ժամին մարդիկ են եղել: Ցուցարարները նշել են, որ տուժել են մեկ կին եւ մեկ երիտասարդ, ովքեր կոտրվածքներ են ստացել:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4