Մայիսի 9 Արցախում եռատոնի նշանակությամբ է արժեւորվում: Երեք տոների` Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման տոնակատարությունների համատեղումը Ստեփանակերտում եւ հանրապետության շրջաններում պարբերաբար նշվում է առանձնահատուկ շուքով, եւ նույնիսկ տոնական միջոցառումների ծրագիրը համարյա միշտ կրկնողական է:
Այդուհանդերձ, այս եռատոնի մեջ նկատելի ընդգծվածություն ունի ԼՂՀ զորական ուժի հանդեպ արցախցիների անթաքույց հպարտությունը: Դա պարզ բացատրելի է թեկուզեւ այն փաստով, որ պաշտպանության բանակը համարվում է ԼՂՀ անվտանգության հիմնական երաշխավորը: Բանակը ղարաբաղցիների ընկալմամբ միայն ռազմական կառույցում ընդգրկված հանրությունը չէ, նա խորհրդանշում է ամբողջական ժողովուրդը, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր հազիվ թե գտնվի մի ընտանիք, որի անդամները չեն եղել կամ տվյալ պահին չեն գտնվում պարտադիր զինծառայության մեջ: Իսկ ծառայել Ղարաբաղում` նշանակում է լինել հայրենիքի պաշտպան:
Անպարտելիության զգացողությունը միաժամանակ կռվան է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման արտաքին առնչություններում պաշտպանության բանակի նշանակությունը շեշտելու համար` հաստատելով, որ հիմնախնդրի լուծման ամեն անընդունելի տարբերակ անպայման դեմ է առնելու Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման իր իրավունքը ցանկացած գնով պաշտպանելու վճռականությանը:
Հակամարտության ռազմական փուլի դադարի մասին համաձայնությունից հետո, անցած 15 տարում, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին Արցախում միշտ էլ արձագանքել են «նետված ձեռնոցն» ընդունելու պատրաստակամությամբ, իսկ հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերին համարժեք պատասխան է տրվել: Թշնամաբար տրամադրված հարեւանի հետ գոյակցելը ստիպում է Ղարաբաղին առավել զգուշավոր լինել, եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետության վստահելի քաղաքական երաշխավորության պարագայում, հասկանալի է դառնում ԼՂՀ հասարակական-քաղաքական շրջանակների` հատկապես վերջին զարգացումների ֆոնին դրսեւորած անհանգստությունը:
Կա նաեւ մի ուշագրավ պահ. Ղարաբաղում ինքնապաշտպանական բնազդը սերնդափոխանցման հատկանիշ ունի: Աճող նոր սերունդը, որ ծնվել ու մեծանում է անկախ պետականության պայմաններում, դաստիարակվում է ռազմահայրենասիրական նույն գաղափարաբանությամբ, իսկ այդ սերնդին համոզմունքների վերակողմնորոշման պարտադրելը դժվարին, եթե չասենք` անհնարին խնդիր է:
Մայիսյան հաղթանակների նշանակությունը միայն օրացուցային տոնականություն չի ենթադրում: Դա կենսակերպ է, որով ապրում է Ղարաբաղի ժողովուրդը: Եվ նա կշարունակի այդպես ապրել մինչեւ վերջնական հաղթանակ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ