«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2009-05-07 | #83, 2009-05-08 | #84, 2009-05-09


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ «ԳԵՎՈՐԳ ԵՎ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿ» ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆԸ

Մայիսի 8-ին տեղի ունեցավ Գեւորգ եւ Սիրվարդ Գարամանուկների անվան Վանաձորի տարեցների տան վերաբացման արարողությունը:

Տարիներ առաջ ստեղծված ծերախնամ այս հաստատությունը, որը գտնվում էր «Ազնավուրըՙ Հայաստանին» բարեգործական կազմակերպության հովանավորության ներքո, 2001 թվականին փոխանցվել է Հայ օգնության ֆոնդին (ՀՕՖ): Վերջինիս շրջանակներում հաստատության հովանավորությունը մինչ օրս իրականացնում է «Գեորգ եւ Սիրվարդ Գարամանուկ» հիմնադրամը, որը բարեգործական ծրագրեր է իրականացնում թե՛ Թուրքիայում եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունում: 2008-ին տարեցների տունը, որտեղ բնակվում են 51 ծերեր եւ ունի շուրջ 3 տասնյակ խնամող աշխատակիցներ, հիմնանորոգվեց ՀՀ սոցներդրումների հիմնադրամի (90 տոկոս ներդրում) եւ «Գեորգ ու Սիրվարդ Գարամանուկ» հիմնադրամի (10 տոկոս ներդրում) համաֆինանսավորմամբ: Այդ կապակցությամբ եւ ի հիշատակ ազգային բարերարների այս զույգիՙ կազմակերպվել էր վերաբացման արարողությունըՙ նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ, ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Եզնիկ Պալյանը, որը ՀՕՖ-ի գործադիր տնօրենն է եղել 1992-2005 թվականներին, դաշնակահար եւ մշակույթի գործիչ Շահան Արծրունին, որը Սիրվարդ Գարամանուկյանի քրոջ որդին է եւ այժմ զբաղվում է հիմնադրամի գործերով, ՀՕՖ-ի մամլո քարտուղար Լեւոն Լաճիկյանը, բազմաթիվ այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, խմբավար Հովհաննես Միրզոյանի գլխավորությամբ, կատարեց Սիրվարդ Գարամանուկի ստեղծագործություններից: Վերջինս հայտնի անուն է արդի հայ երաժշտարվեստում, հեղինակ հարյուրից ավելի երգերի ու ռոմանսների եւ Հովհ. Թումանյանի անմահ ստեղծագործության հիման վրա գրված «Աղթամար» սիմֆոնիկ պոեմի:

Այնուհետեւ հոգեւորականների դասը կատարեց աղի, ջրի, հացի ու մատաղի օրհնության կարգ, իսկ Գարեգին Բ-ն կարդաց պահպանիչ աղոթք:

Վերջում կազմակերպվեց հյուրասիրություն:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4