«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2009-05-07 | #83, 2009-05-08 | #84, 2009-05-09


ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻՑ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԺՇԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Նոր Ջուղայում 19-րդ դարում հայտնի հեքիմ Հարությունի բժշկարանի դեղագրերը երկարակեցություն են պարգեւել նրա գերդաստանի գրեթե բոլոր անդամներին, օրինակ, դուստրն ապրել է 110 տարի: Այդ բժշկարանով բուժվել են բազմաթիվ նորջուղայեցիներ, դեղագրերը բերնե-բերան են անցել ու դարձել են նրանց կենցաղի անբաժան մասնիկները: Ձեռագիր բժշկարանը սերնդե-սերունդ փոխանցվելով դարձել է իրանահայ Հերոս Ակոնցիՙ ծնողներից ստացած ամենաթանկ ժառանգությունը:

Հերոսն արդեն 10 տարի ապրում է Հայաստանում, գոհ է հայրենիքում հաստատվելու որոշումից, որովհետեւ հայկական միջավայրում իրեն ավելի լավ է զգում: Իրանից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առաջին իրը, որ վերցրել է իր հետ, բժշկարանն է եղել: Դրա համեմատ մնացյալ ամեն ինչ իր համար աննշան է եղել, որովհետեւ այդ ձեռագրի ճակատագիրն անընդհատ հուզել է իրեն ու ստիպել է մտածել որեւէ թանգարանին հանձնելու մասին: Սկզբում ցանկացել է նվիրել Նոր Ջուղայի վանքի թանգարանին, բայց Հայաստանի անկախությունից հետո հայրենիք գալու որոշումը նրան հետ է պահել այդ քայլից եւ ձեռագրի հետ բռնել է հայրենադարձության ճամփան:

Ձեռագիրը Մատենադարանին հանձնելու որոշումը կայացրել էր 1992-ին, բայց պահն անընդհատ ձգձգվում էրՙ զբաղվածության եւ այլ պատճառներով: «Անցած շաբաթ որոշեցի, որ այդ հարցը պետք է լուծել վերջնականորեն, քանի որ տանը պահելով ձեռագիրը կարելի է ամբողջապես վնասել: Ձեռագիրը բաղկացած է 2 մասից. ինձ հայտնի չէ, թե ո՞վ է առաջին մասի հեղինակը, գիտեմ միայն, որ գրվել է 1660-ականներին, իսկ երկրորդ մասը գրել է տատիկիս հայրըՙ հեքիմ Հարությունըՙ 1880-ականներին: Մայրս պատմում էր, որ ձեռագրի առաջին հատվածը գրված է ածուխի թանաքով, այն բերվել է Հին Ջուղայից գաղթելու ժամանակ»:

Թեպետ հեքիմ Հարությունի դստեր համար դժվար է եղել ձեռագիրը կարդալը, բայց հենց նա է եղել հոր գործը շարունակողը: Հերոսը նշում է, որ իրենց տանն ամենից շատ գործածվել է վերքերը բուժող խյուս պատրաստելու դեղագիրըՙ խնձորի մեջ զեյթուն են դնում եւ եփում են փռի մեջ, ստացված խառնուրդը քսում են վերքին: Դեղագրերում շատ է գործածվում նաբաթ շաքարը, չորացրած կիտրոնի կեղեւի հետ այն բուժում է հարբուխը, կարելի է ասելՙ իրանահայերի «կոլդրեքսն» է: Մի քիչ դառնահամ է, բայց շատ օգտակար: Գինուց չհարբելու համար խորհուրդ է տրվում խմելուց առաջ կարագ ուտել, իսկ հարբելու համարՙ գինու մեջ քացախ լցնել:

«Այս բժշկարանը միայն իմ գերդաստանին չէր պատկանում, այն ազգային ժառանգություն էր ու սեփականություն: Հիմա հանգիստ եմ, որ ձեռագիրը հանձնեցի Մաշտոցի անվան Մատենադարան, գիտեմ, որ ապահով ձեռքերում է, ուսումնասիրվելու եւ առողջություն է պարգեւելու մեր ժողովրդին», ձեռագրի նվիրատվության ժամանակ ասաց Հերոս Ակոնցը:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի գնահատմամբ, ձեռագիրը բավականին արժեքավոր է եւ ուսումնասիրության հարուստ նյութ է պարունակում:

Իբրեւ երախտագիտության նշան նա Հերոսին հանձնեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը եւ նվիրեց վերջերս լույս տեսած հայկական մանրանկարչության ալբոմը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4