«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2009-05-08 | #84, 2009-05-09 | #85, 2009-05-12


ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Հրադադարի համաձայնագրի 15-ամյակի նախօրյակին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս: Այն, ինչպես նախապես խոստացել էր ՊԲ հրամանատարը, պետք է տեղի ունենար պաշտպանական շրջաններից մեկում, սակայն անձրեւոտ եղանակը խանգարեց մտահղացման իրականացմանը: Արտագնա ասուլիսը պարզապես հետաձգվեց մինչեւ հաջորդ հանդիպումը լրագրողների հետ:

Մովսես Հակոբյանի բնութագրմամբ` պատմությունը նախադեպ չունի, երբ տեւական ժամանակ գտնվելով զինադադարի ռեժիմում, հակամարտող կողմերը չեն հասնում վերջնական հաշտության: Անցած 15 տարիների ընթացքում շփման գոտում տեղի են ունեցել դիրքային բարելավումներ: Միեւնույն ժամանակ բազմաթիվ են եղել փոխհրաձգության դեպքերը: Մասնավորապես, ընթացիկ տարում հակառակորդի կողմից արձանագրվել է կրակելու 1098 դեպք: Ղարաբաղյան կողմը դրանց պատասխանել է 186 կրակոց-դեպքով: ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ՊԲ մարտիկներին թույլատրված է դիրքում ինքնուրույն որոշում կայացնել` պատասխանելով հակառակորդի բոլոր ոտնձգություններին: Իրավիճակը հուսալիորեն վերահսկվում է, եւ մտահոգվելու առիթ չկա, հավաստիացրեց նախարարը:

Լրագրողների` տարածքների զիջման վերաբերյալ տված հարցին ՊԲ հրամանատարը պատասխանեց, որ Ադրբեջանն առհասարակ տարածքների խնդիր չի դրել, այլ պնդում է Ղարաբաղն իրեն վերադարձնելու անհիմն պահանջը: Եթե կա տարածքի հարց, ապա դա պիտի դիտարկել նաեւ ԼՂՀ տարածքային ամբողջականության համատեքստում, ինչը ամրագրված է սահմանադրությամբ: Նշելով այս մասին, Մովսես Հակոբյանը հավելեց, որ զինված ուժերի խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ քաղաքական հարցերը կարող է քննարկել քաղաքական ղեկավարությունը` ելնելով սեփական ժողովրդի շահերից:

Լրագրողները հարց ուղղեցին պաշտպանության բանակի` հարձակողական բնույթի զորավարժություններ անցկացնելու փաստի առնչությամբ:

Պաշտպանությունը ներառում է նաեւ հարձակողական տարրեր, պարզաբանեց Մ. Հակոբյանը: Եթե անհրաժեշտ լինի, մեր բանակն, այո, ունակ է հաջողությամբ հակառակորդի տարածքի խորքերը թափանցելու, շեշտեց նա:

Պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի շուրջը համաձայնության ուշացման պարագայում կա՞ անհրաժեշտություն, որպեսզի միջնորդների մասնակցությամբ հակամարտ կողմերը նոր ստորագրություններով ամրագրեն հրադադարի պայմանավորվածությունը, պաշտպանության նախարարն ասաց. «Եթե ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականանում, ապա անիմաստ է նոր փաստաթուղթ ստորագրելը»: Ինչ մնում է միջնորդություններին ապա ՊԲ հրամանատարի կարծիքով, միջնորդությունն այս պարագայում վնասում է, համաձայնությունը պետք է լինի միայն Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ:

Մովսես Հակոբյանին ուղղված հաջորդ հարցը հետեւյալն էր. արդյոք ԼՂՀ-ում առ այսօր պահվո՞ւմ են ադրբեջանցի ռազմագերիներ ու պատանդներ, ինչպես պնդում է Ադրբեջանը: Պատասխանը հակիրճ էր. դա հարեւան երկրի քարոզչական հնարքներից է:

Ասուլիսի վերջում նախարարը լրագրողներին բաժանեց ՊՆ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանի հեղինակությամբ նորահրատարակ «Պաշտպանության բանակի պաշտպանական շրջանները Ղարաբաղյան պատերազմի գլխավոր ռազմագործողություններում» գիրքը, ընդգծելով, որ գրքում ներկայացված փաստերն ամենահավաստին են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4