«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2009-05-08 | #84, 2009-05-09 | #85, 2009-05-12


ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Մայիսի 9-ի վաղ առավոտից ԼՂՀ-ում Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եւ ԼՂՀ պաշտպանական բանակի կազմավորման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներն էին: ԼՂՀ էին ժամանել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները, ՀՀԿ-ից Գագիկ Մինասյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների անդամները նախ այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր` ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրի պատվանդանին:

Ստեփանակերտի հուշահամալիր էր այցելել նաեւ արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Վերջինս Արցախի ինքնապաշտպանական ուժերի կենտրոնական շտաբում Ֆելիքս Գզողլյանի հետ մշակել եւ իրականացրել է Շուշի-Լաչին գործողության ծրագիրը:

«Այսօր արդեն ժողովրդի մեջ վերացել է վախի զգացողությունը հարեւանների` ադրբեջանցիների եւ թուրքերի նկատմամբ: Նոր սերունդն անվախ մթնոլորտում է ապրում, շնորհիվ մեր հայկական ուժեղ բանակի: Մեզ մնում է մի գլուխ բարձր լինել, որ մեր զինվորական հաշվարկները ռեալ լինեն: Մեր հասարակությունը պետք է իմանա, վստահ լինի` մենք կարող ենք պաշտպանվել: Հավատացեք, որ մեր թշնամին պատրաստ չէ, ինքը չունի բանակ ու չունի էդ ուժը», Շուշիում, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

ԼՂՀ նախագահի մայիսի 8-ին ստորագրած հրամանագրով պաշտպանության կազմակերպման գործում ԼՂՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արկադի Տեր-Թադեւոսյանին շնորհվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում` պարգեւատրելով «Ոսկե Արծիվ» շքանշանով:

Շուշիում կառավարական պատվիրակությունը, ԼՂՀ եւ ՀՀ նախագահները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող եւ Շուշին ազատագրած առաջին տանկի հուշարձանների մոտ:

«Մենք որեւէ մտահոգություն չունենք, բանակցություններն ընթանում են այսօրվա ձեւաչափով, խանգարված ձեւաչափով, որտեղ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ Հայաստանն ի դեմս ՀՀ նախագահի ջանքեր է գործադրում, առաջին հերթին, վերականգնելու Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, որի համաձայն ԼՂՀ-ն բանակցությունների լիարժեք կողմ է», Շուշիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական տեսակետը բանակցային ներկա հանգրվանի վերաբերյալ:

Ղարաբաղի նախագահի խոսքերով` ինքը հնարավորություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ զրուցելու պրահյան այցի մասին` ավելացնելով, որ բոլորը, այդ թվում` եռանախագահները, հասկանում են, որ առանց ԼՂՀ մասնակցության անհնարին է որեւէ վերջնական որոշում: Ղարաբաղի նախագահի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունն ամրագրված է Ղարաբաղի սահմանադրության մեջ, ու խորհուրդ տվեց Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել ծայրահեղ մոտեցումներից:

«Որքան շուտ Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հրաժարվեն իրենց ծայրահեղ մոտեցումներից, այնքան շուտ կհասնենք ԼՂՀ հարցի կարգավորմանը: Դուք կարող եք անհոգ լինել, մեր երկրին վտանգ չի սպառնում, մեր զինված ուժերը եւ մեր ժողովուրդը պատրաստ են անհրաժեշտության դեպքում պատասխան տալ», ընդգծեց Բակո Սահակյանը:

Շուշիում ԼՂՀ սպայակազմի 16 անդամներ տոնեցին նաեւ բնակարանամուտ: Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաեւ նախագահներ Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4