ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը` հերթական բարեմաղթանքի ոգով
«15 տարի առաջ դադարեցվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որ դարձել էր նախկին Խորհրդային Միության տարածքում ամենաուժեղ հակամարտությունը: Այդ ժամանակ առաջնորդները խիզախ ու հեռատես որոշում ընդունեցինՙ իրենց ռազմական հրամանատարներին ցուցում տալով ստորագրելու անմիջական հրադադարի անժամկետ համաձայնագիր», նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ հրապարակված հայտարարության մեջ:
ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (Միացյալ Նահանգներ) ընդգծում են. «Դժբախտաբար, այդ հրադադարը կատարյալ չէ եւ ողբերգականորեն ամեն տարի շփման գծի երկայնքով մարդկային զոհեր են լինում»:
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ խաղաղ կարգավորումը, որի ուղղությամբ կողմերն այժմ աշխատում են, թույլ կտա Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում աճող նոր սերնդին ապրել` չզգալով պատերազմի սարսափները», կարեւորվում է հայտարարությունում:
Իսկ մինչ այդ համանախագահները դիմում են կողմերին հրադադարի պայմանները պահպանելու խնդրանքով: «Մենք հույս ենք հայտնում, որ ներկա առաջնորդներն ի վիճակի կլինեն հաղթահարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարդ պատճառներն ու դժվար հետեւանքները եւ ստեղծելու անվտանգության, վստահության, համագործակցության ու արդյունավետ հաղորդակցվելու մթնոլորտ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ` թույլ տալով ապրել խաղաղությամբ որպես լավ հարեւաններ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ հույս են հայտնում, որ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ առաջնորդները հաջողության կհասնեն խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու ուղղությամբ:
Այս հայտարարության տեքստում կարծես բացակայում է լավատեսությունը բանակցային գործընթացի առնչությամբ, ինչը հատկանշական էր նախորդ հայտարարությունների մեծամասնության համար: Բայց եւ այնպես, մայիսի 7-ին Պրահայում ԱՄՆ դեսպանի կեցավայրում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը անմիջապես որակվեց կառուցողական, թեեւ տարբեր աղբյուրներում նշվեց, թե բանակցությունները Պրահայում բավականին բարդ էին եղել:
Մասնավորապես, 2,5 ժամ տեւած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, թե երկու նախագահները կառուցողական հանդիպում են ունեցել ու ի վիճակի են եղել նվազեցնելու սկզբունքային հարցերում առկա տարաձայնությունները:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այդ հանդիպումից մի երկու օր անց հայտարարել է, թե «հայերը Պրահայի հանդիպմանն էլ կառուցողականություն չեն դրսեւորել»: Այսօրինակ տարակարծությունը միայն ենթադրել է տալիս, որ կամ Մեթյու Բրայզան է անտեղյակ եղելությունից, կամ Էլմար Մամեդյարովը:
Եվ եթե հաշվի առնենք, որ Բրայզայի հայտարարությունն արվել է մյուս համանախագահների հետ համակարծությամբ ու անմիջապես պրահյան հանդիպումից հետո, ապա մնում է եզրակացնել, որ Մամեդյարովի անտեղյակ լինելն առավել հավանական է: Կամ էլ, ինչն ամենահավանական տարբերակն է, ադրբեջանական կողմը հերթական անգամ ապակառուցողականություն է դրսեւորում` ավելի ուշ հնչող գնահատականներում եղածը հարմարեցնելով իր ցանկություններին ու նկրտումներին:
Ամեն դեպքում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում նախատեսվում է մոտ ապագայումՙ արդեն Սանկտ Պետերբուրգում հունիսին կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում, իսկ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ կլինեն տարածաշրջանում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ