«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2009-05-08 | #84, 2009-05-09 | #85, 2009-05-12


«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»

Հայտարարում է Մամեդյարովը, որ Ադրբեջանը նպատակից շեղի կարգավորման բանակցությունները

Մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան շտապել էր հայտարարել, որ կողմերը հիմնականում համաձայնության են եկել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջը: Ներկայացնելով հանդերձ այդ հանդիպումը, «Ալիեւն ու Սարգսյանը համաձայնության եկան հիմնարար սկզբունքների շուրջը» վերնագրով, թուրքական լրատվամիջոցները դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունների հիման վրա հարկ էին համարել նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրար ձեռք չեն սեղմել, հանդիպումն անցել է սառը մթնոլորտում, եւ դա Ադրբեջանում լավատեսություն չի ներշնչում:

Մայիսի 10-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հերքել է հիմնարար սկզբունքների շուրջը կողմերի համաձայնության գալու մասին Բրայզայի խոսքերը: Նա մասնավորապես ասել է. «Ղարաբաղյան հիմնահարցում որեւէ առաջընթացի արձանագրման մասին խոսք լինել չի կարող: Հանդիպմանը քննարկել ենք կարծրացած խնդիրները: Ցավոք, հայկական կողմը նորից կառուցողական դիրքորոշում չդրսեւորեց: Ադրբեջանի տարածքների զավթման փաստն ակնհայտ է: Նա պահանջում է հայկական զորքերի դուրսբերումն այդ տարածքներից: Տարաձայնությունները շարունակվում են դրանց շուրջը: Լուրջ առաջխաղացման մասին չեմ կարող խոսել»:

Նշելով այդ մասին, Նյու Յորքի Turkishny.com կայքէջն ավելացնում է. «Մինչդեռ հանդիպումից հետո հայտարարվել էր, որ բանակցություններում երկու երկրների առաջնորդներն արձանագրել են առաջխաղացում եւ նրանք համաձայնության են եկել նոր «ճանապարհային քարտեզի» շուրջը»: Ելնելով այս ամենից, Սարգսյան-Ալիեւ հանդիպման առնչությամբ Բրայզայի լավատեսական հայտարարությունը պետք է պայմանավորել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հարավօսական պատերազմի հետեւանքով կորցրած դիրքերը վերականգնելու, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Ռուսաստանի մայնդորֆյան հռչակագրով ամրագրված նախաձեռնությունը չեզոքացնելու Վաշինգտոնի հաշվարկներով:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարություններին, ապա դրանք էլ պետք է վերագրվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները նպատակից շեղելու եւ դրանք որպես Ադրբեջանի այսպես կոչված գրավյալ տարածքներն ազատելու միջոց օգտագործելու Բաքվի նկրտումներին: Ակնհայտ է, որ գրավյալ տարածքներից հետո «ազատելու հերթը» հասնելու է Լեռնային Ղարաբաղին, քանի որ, ըստ Բաքվի, ադրբեջանական տարածք է նաեւ փաստացի անկախ այս հանրապետությունը:

Այլ կերպ, բանակցություններն Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակ չեն, այլ «գրավյալ տարածքներն» ազատելու միջոց: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի սկզբնավորած երկխոսությանը: Որքան էլ հայկական սահմանի բացման եւ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման պատրաստակամության համար Բաքուն Ադրբեջանի շահերին դավաճանելու մեջ մեղադրի Թուրքիային, պատրաստակամության դիմաց Անկարան հետեւողականորեն ղարաբաղյան հիմնահարցում առաջընթաց քայլ է պահանջում Երեւանից:

Դրա վերջին արտահայտությունն ապրիլի 8-ին Ստամբուլում վարչապետ Էրդողանի հայտարարությունն էր, որտեղ նա, համարելով միանգամայն անընդունելի ցեղասպանության հայկական պնդումները, Անատոլու գործակալության դիպուկ արտահայտությամբ, վերստին կրկնել էր Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանըՙ ասելով. «Խնդիրը պատճառահետեւանքային կապի մեջ է: Նախ հայերը գրավեցին Լեռնային Ղարաբաղը, այնուհետեւ տեղահանվեց մեկ միլիոն ազերի: Ի պատասխան մենք էլ փակեցինք սահմանները: Օկուպացիան պատճառն է, իսկ սահմանների փակումըՙ հետեւանքը: Թող վերանան պատճառները, որ մենք էլ բացենք սահմանը»:

Եթե միեւնույն նպատակին է ծառայում Թուրքիայի վերոհիշյալ պատրաստակամությունը, ապա ինչու է Ադրբեջանը մեղադրում նրան: Այդ հարցին «Զամանի» մայիսի 9-ի համարում պատասխանել է դոց. Վեդաթ Գյուրբուզըՙ գրելով. «Հայ-թուրքական բանակցություններին վաղաժամ եւ անտեղի կոշտ հակազդեցությամբ արձագանքած Բաքվի վարչակազմը Մոսկվա եւ Վաշինգտոն կատարած պաշտոնական այցելություններից հետո զգաց գործընթացին (Հայաստան-Թուրքիա մերձեցման) մասնակցելու կարիքը, որովհետեւ քարերը տեղից շարժվել են, իսկ Ադրբեջանն ամրապնդել է Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքերը: Պարզապես նա գործընթացը նույն ձեւով վերահսկելու անկարողության մտավախությամբ ջանում է գործել երրորդ ուժերին, այսինքնՙ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին ինդեքսավորված: Մինչեւ վերջերս հիմնահարցի չկարգավորվածության համար Ռուսաստանին մեղադրող Ադրբեջանը հայկական սահմանի բացման բանավեճերի առնչությամբ էլ սկսել էր Թուրքիային մեղադրել, թե չի նպաստում կարգավորմանը: Սակայն Ալիեւի իշխանություններն ի վերջո հիմնահարցի կարգավորման հարցում նկատեցին Թուրքիայի լրջությունը, ԱՄՆ-ի ու Եվրոմիության վճռականությունը եւ վերանայեցին իրենց դիրքորոշումը: Չնայած դրան, փոխանակ համարձակ լինելու, Պրահայի հանդիպմանն Ադրբեջանը երկչոտ գործեց: Նրա երկչոտությունը բխում է հայկական օկուպացիայի աստիճանաբար վերացման ծրագիրը բանակցություններում վերստին քննարկման դնելու հավանականությունից, որը նա մինչ այդ մերժել է»:

Քանի որ «հայկական օկուպացիայի» աստիճանաբար վերացումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից հինգի ազատումը, ինչի մասին ապրիլի 24-ի համարում գրել էր «Զամանը»ՙ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին, ուստի դա էլ դառնում է Թուրքիայի հայկական սահմանի բացման նախապայմանը կամ վարչապետ Էրդողանի արտահայտությամբՙ «սահմանի փակման պատճառի վերացումը»: Թերեւս այդ առումով պատահական չեն թուրքական մամուլում հաճախակի շրջանառվող տեսակետները, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարակից շրջանների օկուպացման համար:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4