Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ օրեր առաջ «Արարատ» ակումբի ղեկավարությանՙ իր եւ ֆեդերացիայի հասցեին հնչած մեղադրանքներին: Նա նշեց, որ որպես ֆեդերացիայի նախագահ պարտավոր է աջակցել բոլոր ակումբներին, սակայն դա չի նշանակում, որ իրավունք ունի շրջանցելու ֆուտբոլային օրենքներն ու բավարարելու «Արարատում» ֆուտբոլիստների հայտավորման խնդրանքը: Մանավանդ, որ այս տարի ակումբների ղեկավարները համատեղ որոշել են չխախտել տրանսֆերային պատուհանի ժամկետները, իսկ ՈւԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն զգալիորեն խստացրել են տեղափոխությունների կարգը:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ «Արարատի» հովանավորները փորձում են իրենց անհաջողությունները բարդել ֆեդերացիայի ղեկավարության ու մրցավարների վրա: Նա ճիշտ հարցադրում արեց, թե վերջին 10 տարիներին «Արարատի» հովանավորներն ի՞նչ են արել հայկական ֆուտբոլի զարգացման համար: Այսօր թիմը չունի սեփական մարզաբազա, մանկապատանեկան մարզադպրոց, խաղադաշտ, նույնիսկ պատշաճ մարզահագուստ չունեն ֆուտբոլիստները: Ձորաղբյուրի հիասքանչ մարզաբազան էլ սեփականաշնորհելով, ոչինչ չի արվել այնտեղ թիմի համար նորմալ պայմաններ ստեղծելու հարցում: ՀՖՖ նախագահն առաջարկեց «Արարատի» ղեկավարությանը իրենց միջոցներով ցանկացած երկրից մրցավարներ հրավիրել թիմի խաղերը սպասարկելու համար, որպեսզի այլեւս չբողոքեն մրցավարությունից:
Տեղեկացվեց, որ մինչ օրս «Արարատը» ՈւԵՖԱ-ի արտոնագրման համար ֆեդերացիա չի ներկայացրել փաստաթղթերի ողջ փաթեթը: Արտոնագրման ժամկետը լրանում էր երեկ առավոտյան ժամը 11-ին: Այժմ «Արարատին» հնարավոր է չթույլատրեն մասնակցել եվրոլիգայի խաղարկությանը: Թիմը 7 օր ժամանակ ունի բողոքարկելու որոշումը: Արտոնագրման բաժինը վերջնական որոշումը կկայացնի մայիսի 26-ին:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ «Արարատի» ղեկավարությունն անընդհատ ինտրիգներ է ստեղծում, իր խոստումները չի կատարում, փոխարենը անձնական վիրավորանք է հասցնում իրեն, ինչպես դա պատահեց առաջնության ավարտական խաղից հետո: «Ես այն մարդը չեմ, որ իմ հասցեին հնչած վիրավորանքները կուլ տամ: Առայժմ համբերում եմ, բայց եթե այսպես շարունակվի, Հրաչ Կապրիելյանի գլուխը կսվաղեմ ասֆալտի մեջ, նրան էլ Սիմոնովի օրը կգցեմ, այնպես կծեծեմ, որ լաց կլինի», իր վրդովմունքն այսպես արտահայտեց Ռուբեն Հայրապետյանը:
Նա նշեց նաեւ, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գեւորգ Պրազյանին «Արարատի» ղեկավարությունը չի թույլատրում մարզվել հավաքականի մարզչի գլխավորությամբ: ՀՖՖ նախագահը զգուշացրեց, որ եթե այդպես շարունակվի, ապա Պրազյանին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կշնորհվի, ինչպես դա արվեց Վահագն Մինասյանի պարագայում: Այն հարցին, թե իրավական ինչպիսի՞ հիմքեր կան «Արարատ» ակումբի բաժնետերերին գործունյա եւ թիմի ճակատագրով մտահոգ մարդկանցով փոխարինելու համար, հետեւյալ պատասխանը հնչեց. «Այդ հարցով իրենց բողոքի ձայնը պետք է բարձրացնեն թիմի երկրպագուները, լրատվամիջոցները, ինչպես դա արվում է արտերկրում: Նրանց միայն «Արարատ» անունն է հետաքրքրում, որի շիրմայի տակ իրենց բիզնեսն են անում»:
Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ մարզեր կատարած իր շրջայցերի մասին: Ղարաբաղում նա հանդիպել է երկրի ղեկավարության հետ, քննարկել ֆուտբոլի զարգացման հեռանկարները, առաջնություն անցկացնելու հարցը: ՀՖՖ-ն գույքով եւ գումարով որոշակի օգնություն է հատկացրել Ղարաբաղի ֆուտբոլի ֆեդերացիային: Ղարաբաղում ֆուտբոլի մարզադպրոց պետք է կառուցվի:
Գյումրիի քաղաքապետի հետ հանդիպումն էլ օգտակար է եղել: Վերջինս խոստացել է ամեն կերպ աջակցել «Շիրակին», եթե ակումբն իրենց ենթակայության տակ անցնի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ