«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2009-05-09 | #85, 2009-05-12 | #86, 2009-05-13


ՀԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏԵ՞Ր

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարության վերջերս հաստատած եւ արդեն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած հարկային մի շարք օրենքների փոփոխությունները երկու հիմնական նպատակ ունենՙ մի կողմից որոշակիորեն թեթեւացնել փոքր եւ միջին բիզնեսի գործունեության պայմանները, մյուս կողմիցՙ գործունեության որոշակի տեսակներով զբաղվող խոշոր բիզնեսն առավելագույնը դուրս բերել ստվերից: Փոքր եւ միջին բիզնեսին առնչվող հարկային փոփոխություններին կանդրադառնանք առաջիկայում, իսկ այս անգամ ներկայացնենք խոշոր բիզնեսին վերաբերող փոփոխությունները:

«Ակցիզային հարկի մասին» եւ «Հարկերի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների նպատակը Հայաստան ներմուծվող եւ տեղում արտադրվող ծխախոտի եւ ոգելից խմիչքների հարկային հսկողությունն ուժեղացնելն է: Այդ նպատակով ներդրվելու է տվյալ ընկերություններում հարկային մարմնի ներկայացուցիչների ինստիտուտը: Հարկային ներկայացուցիչները որոշակի ժամկետով չափագրումներ կիրականացնեն տվյալ ընկերությունումՙ առավելագույնս բացառելու համար գործարքների չփաստթաթղթավորումը եւ հարկերը թաքցնելը:

Բազմիցս ենք առիթ ունեցել մատնանշելու փոքր եւ միջին ձեռնարկությունների դժգոհությունները, որ խոշոր բիզնեսը իրենց փաստաթղթեր չի տրամադրում, ինչի պատճառով էլ ստիպված են լինում հարկեր եւ տուգանքներ վճարել խոշորի փոխարեն: Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը, փաստորեն, հենց այդ նպատակով է արված:

Համաձայն օրենքի փոփոխության, հարկային ներկայացուցիչը կարող է նույն հարկ վճարողի մոտ նշանակվել մեկ անգամից ոչ ավելիՙ 3-6 ամիս ժամկետով: Կարող է նշանակվել այն ընկերության մոտ, որի նախորդ տարվա իրացումից հասույթը գերազանցել է 4 մլրդ դրամը կամ նախորդ տարվա որեւէ պահի ունեցել է 500 եւ ավելի աշխատող, կամ երկու տարի անընդմեջ ցույց է տվել 50 մլն դրամից ավելի հարկային վնաս, կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային արժեքով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 մլն դրամը եւ այլն:

Վերոնշյալից երեւում է, որ օրենքի այս փոփոխությունն առնչվելու է առավելագույնը 2-3 տասնյակ ընկերությունների: Այդուհանդերձ օրենսդրական փոփոխությունների որոշ դրույթներ լուրջ մտահոգություններ են առաջացնում: Պարզվում է, որ հարկ վճարողը պարտավոր է ապահովել հարկային ներկայացուցչի «անարգել» մուտքը իր գտնվելու կամ կառավարման որոշումներ ընդունելու, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրեր, ինչպես նաեւ հասանելի դարձնել իր տեղեկատվական եւ ծրագրային համակարգերը: Եթե հարկերի վճարման, համապատասխան փաստաթղթեր կազմելու, հաշվառման, վարձու աշխատողների գրանցման վրա հսկողություն սահմանելը հասկանալի է եւ ընդունելի, ապա միանգամայն անհիմն է ընկերության ֆինանսական, օպերատիվ ղեկավարման, կառավարման որոշումների ընդունման նկատմամբ հարկային ներկայացուցչի հսկողություն իրականացնելը: Միանշանակ է, որ օրենքի այս դրույթն իր հետեւից բացասական երեւույթների մի ամբողջ շղթա է բերելու:

Վերոնշյալ դեպքում խախտվելու է ընկերության «առեւտրային գաղտնիք» հասկացությունը: Օրինակ, հավանական է, որ ընկերությունը ձեռք է բերել առավել նպաստավոր պայմաններով հումքի կամ ծառայության մատակարարման աղբյուր, ինչը նրա առեւտրային գաղտնիքն է, բայց հարկային ներկայացուցչի ներկայությունը իրենց ղեկավար մարմնի որոշումների ընդունման ժամանակ այդ գաղտնիքը լրջորեն վտանգում է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հարկային մարմնի աշխատակիցներից շատերը չեն փայլում բյուրեղյա ազնվությամբ եւ հաստատ անմիջապես առիթը կօգտագործեն «բերանը փակ պահելու» եւ այդ գաղտնիքը չհայտնելու դիմաց ընկերությունից գումար շորթելու: Կամ էլ ընկերության ղեկավարությունը ի սկզբանե կվճարի հարկային մարմնի ներկայացուցչիՙ ընկերության ղեկավարման կամ կառավարման մարմիններում «անարգել» բացակայության համար:

Եթե հարկային փոփոխությունների նպատակը ստվերը բացահայտելն է, ապա դա պետք է արվի այնպես, որ չվնասի տնտեսվարողների գործունեությանը եւ նրանց համար հավելյալ սուբյեկտիվ բնույթի խնդիրներ չառաջացնիՙ սկսած հարկային մարմինների ներկայացուցիչների ճաշի ընդմիջումների ծախսը հոգալուց մինչեւ առեւտրային գաղտնիքի պահպանման համար շանտաժի եւ շորթման ենթարկվելը: Հարկային ներկայացուցիչները պետք է առավել հանգամանորեն ծանոթանան արտադրության կամ ներմուծման ամբողջ գործընթացին մինչեւ իրացումը եւ իրացման գործարքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան տուգանքներ կիրառելը: Հարկ է ամբողջությամբ բացառել հարկման հետ կապ չունեցող խնդիրներին հարկային մարմնի ներկայացուցիչների մասնակցությունը, որն այս դեպքում արտակարգ ռեժիմի պայմաններում կիրառվող միջոցառում է հիշեցնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4