«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2009-05-09 | #85, 2009-05-12 | #86, 2009-05-13


ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳՈՐԾՈՂ

Քրիստոնեական քաղաքակրթության համաշխարհային խոշորագույն պարտություններից մեկը, անշուշտ, Բյուզանդիայի անկումն էր եւ Կոստանդնուպոլսի «ստամբուլացումը»: Եվ 1453-ի այդ պատմական աղետի ողբերգական խորհրդանշանը հարյուրամյակներ շարունակ եղել է մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը:

Նորագույն ժամանակների «քաղաքակիրթ» թուրքերը վերջին 80 տարում Ս. Սոֆիան դարձրել են սոսկ թանգարան: Բայց մխիթարա՞նք է դա քրիստոնյա աշխարհի համար, երբ սուրբ մայր տաճարն այսօր էլ չի ծառայում իր նվիրական առաքելությանը: Թվում է, թե սեկուլյարիզմիՙ կրոնի աշխարհականացման ենթարկված ժամանակակից Եվրոպան եւ Ամերիկան այնքան են մխրճված վայելչական մտայնության մեջ, որ ամուլ են դարձել մուսուլմանական էքսպանսիայի դեմ բուն քրիստոնեական աշխարհամասերում, էլ ուր մնաց թուրքախոս Ստամբուլը: Այդուհանդերձ, պարզվում է, որ կան առանձին նվիրյալ անհատներ, որոնք փորձում են վերականգնել պատմական արդարությունը եւ նոր շունչ հաղորդել ուղղափառության հուշարձանին:

Հունական ծագումով ամերիկացի ազդեցիկ բիզնեսմեն Քրիս Սփիրուն ստեղծել է «Սուրբ Սոֆիայի ազատագրման խորհուրդ» միջազգային կազմակերպություն, որի նպատակն է հնաբույր քրիստոնեական օրրանը վերադարձնել իր սրբազան առաքելությանըՙ դարձնել գործող: Օրերից մի օր այցելելով մոսկովյան Կրեմլ եւ տեսնելով կրոնական ծիսակատարություն 70-ամյա խորհրդային լռությունից հարություն առած Ուսպենսկի տաճարում, նա, ապշահար, ինքն իրեն հարց է տալիսՙ իսկ ինչո՞ւ արդեն հինգուկես դար նվաճյալ վիճակում է գտնվում Ս. Սոֆիան, եւ ինչո՞ւ նա եւս չի կարող վերակենդանանալ:

Լինելով նաեւ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ակտիվ գործիչ, մեծահարուստը, օգտագործելով իր քաղաքական մեծ կապերը, սկսում է իրավական հիմք ստեղծել իր գործունեության համար, խնդիրը բարձրացնելով համաշխարհային մակարդակի ըմբռնմանՙ առնչված իր համար սուրբ վայրում աղոթելու մարդու իրավունքին: Ուշագրավ է Սփիրուի այն համոզմունքը, որ ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական լիդեր իրավունք չունի որոշելու սրբավայրի նշանակությունը: Նրա կարծիքով, դա իրեն սպառած անցյալի մնացուկ է եւ տվյալ դեպքում բնորոշ է օսմանյան մտածելակերպին, որից չեն ուզում ձերբազատվել Թուրքիայի ներկայիս ղեկավարները:

Որպես ճանաչված բիզնեսմեն եւ Բարաք Օբամայի նախընտրական պայքարի նկատելի աջակից, Սփիրուն լի է լավատեսությամբ, որ իրեն կհաջողվի Ս. Սոֆիան նորից դարձնել ուղղափառության գործող տաճար: Նա պաշտոնական նամակով արդեն դիմել է Թուրքիայի վարչապետին, Եվրոմիությունում նախագահողՙ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ին, ուրիշ հանրաճանաչ քաղաքագետների, հոգեւոր ու հասարակական գործիչների: Պատրաստվում է առաջիկայում հատուկ նպատակով այցելել Ռուսաստան եւ այդ գործում ներգրավել երկրի ղեկավարությանն ու հասարակայնությանը, որոնք կարող են էական դեր խաղալ հարցի լուծման մեջ: Սփիրուն մեծ հույսեր է կապում նաեւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հարցի քննարկման ժամանակ վերջինս տարակուսանք է հայտնել, թե Ս. Սոֆիան, իրոք, ինչո՞ւ թանգարան է եւ ոչ գործող եկեղեցի:

Շահեկան է նաեւ այն պարագան, որ Սփիրուն մի կողմ է դնում մեր օրերի տխրահռչակ քրիստոնեական «նրբանկատությունը» եւ մատնանշում որոշ «անհարիրություններ» իսլամական երկրների լիդերների գործելակերպում ու մոտեցումներում: Օրինակ, Սաուդյան Արաբիայի շեյխերը չէ, որ որոշում են, ասում է նա, թե մուսուլմաններից ովքեր կարող են ուխտագնացություն կատարել իսլամական սրբավայրեր, իսկ ովքերՙ ոչ. դա հավատացյալների գործն է: Նա նաեւ վերհիշում է Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքային իշխանությունները փորձել են մայթ կառուցել Ալ Աքսա մզկիթի կողքով, մուսուլմանները մեծ աղմուկ են բարձրացրել, թե դրանով պղծվում է իրենց սրբավայրը: Մինչդեռ Ս. Սոֆիայում անցկացվում են միջոցառումներ, որոնք ոտնահարում են ոչ միայն հավատքի ազատությունը, այլեւ տարրական նրբանկատությունը:

- Թուրքերը պարտ են ինչպես մեզ, այնպես էլ համայն քրիստոնեական աշխարհին,- խնդրի կապակցությամբ իր կարծիքը հայտնեց Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանը:- Ազնվահոգի ամերիկացին արդար է իր համոզմունքներում ու նպատակադրումներում եւ արժանի ամենայն աջակցության եւ օգնության, այդ թվում նաեւ մեր եկեղեցու կողմից: Ավելին, իսկ ինչո՞ւ գործող չպիտի դառնան մեր Աղթամարը, այդ երկրի մեր մյուս հոգեւոր կառույցները: Եվրոմիության, իսկ ըստ էության քրիստոնեական հանրակցության ձգտող երկիրը պիտի ընդունակ լինի իսկապես հրաժարվելու օսմանյան կաղապարացված մտայնությունից եւ հարգելով այլադավան հավատացյալների անքակտելի իրավունքներըՙ պայմաններ ստեղծի դրանց իրագործման համար:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4