Երկու հանդիպումներով մեկնարկեց առաջնության 7-րդ տուրը: Իր երկրպագուներին կրկին հիասթափեցրեց «Արարատը»` կրելով 7-րդ անընդմեջ պարտությունը ու դարձյալ չկարողանալով բացել գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում: «Ուլիսի» հետ խաղում արարատցիները չկարողացան լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: «Ուլիսն» էլ վտանգավոր պահեր չստեղծեց, սակայն կարողացավ օգտվել արարատցիների սխալից ու խփեց հանդիպման միակ գոլը: «Ուլիսին» հաղթանակ պարգեւեց Արտյոմ Ադամյանը:
Ի դեպ, Հայաստանի առաջնություններում «Ուլիսն» անդրանիկ հաղթանակը տոնեց «Արարատի» նկատմամբ: Այդ խաղում «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար էր նշանակվել Ալբերտ Սաֆարյանը, թեեւ Արկադի Անդրեասյանը շարունակում է մարզել թիմը: Սակայն ինչպես երեւում է, Անդրեասյանը չի ցանկանում պաշտոնապես ստանձնել «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնն ու իր վրա վերցնել թիմի ճակատագրի ողջ պատասխանատվությունը` լավ հասկանալով, որ վիճակը շտկելը չափազանց դժվար կլինի:
Գյումրիում «Շիրակը» հյուրընկալել էր «Գանձասարին»: Երկու թիմերն էլ անհաջող են մեկնարկել առաջնությունում, հատկապես կապանցիները: Մրցակիցներին չհաջողվեց գոլ խփել: Մայիսի 13-ին կկայանան «Միկա»-«Փյունիկ», «Բանանց»-«Կիլիկիա» հանդիպումները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ