ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մեկնարկած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 24 մասնակիցների թվում են Վարուժան Հակոբյանն ու Մելիքսեթ Խաչիյանը: Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել: Բավական է նշել Գատա Կամսկուն, ԱՄՆ-ի չեմպիոն Յուրի Շուլմանին, Ալեքսանդր Օնիշչուկին, Հիկարու Նակամուրային: Ի դեպ, մրցաշարի պաշտոնական կայքէջում հարցում է անցկացվել, թե ով կդառնա չեմպիոն: 47 տոկոսն իրենց ձայները տվել են Գատա Կամսկուն, 31 տոկոսը` Հիկարու Նակամուրային: Վարուժան Հակոբյանի օգտին քվեարկել է 5 տոկոսը:
4 տուրից հետո Հակոբյանը ունի 3 միավոր, Խաչիյանը` 2,5: Առաջին տուրում Հակոբյանը հաղթեց Աննա Զատոնսկիխին, սակայն հաջորդ պարտիայում պարտություն կրեց Գատա Կամսկուց: Այդ մրցախաղում Հակոբյանը խաղում էր սեւերով: 3-րդ տուրում նա շահեց Ռայ Ռոբսոնի հետ պարտիան: Հաղթական էր նաեւ Խուլիո Բեսերայի հետ կայացած պարտիան: Խաչիյանը եւս հաղթանակով սկսեց մրցաշարը` շահելով Կառլես Լավտոնի հետ անցկացրած պարտիան: Նրա բախտն էլ 2-րդ տուրում չբերեց: Խաչիյանը պարտվեց Յուրի Շուլմանին: 3-րդ տուրում հայ շախմատիստը հաշտություն կնքեց Սամուել Շանկլանդի հետ, իսկ Իրինա Կրուշին պարտության մատնեց հաջորդ պարտիայում: 3-ական միավորով առաջատարներն են Վարուժան Հակոբյանը, Գատա Կամսկին, Հիկարու Նակամուրան, Յուրի Շուլմանն ու Յոշուա Ֆրիդելը: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ