Ըստ քաղաքագետ Սուրեն Զոլյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները վերջին ժամանակներում սկսել են մտահոգիչ դառնալ հայկական կողմի համար: Ինչպես քաղաքագետն ընդգծեց երեկվա քննարկմանը, հատկապես մտահոգիչ է, որ գերտերությունները հակված են պաշտպանելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի կազմում նրանք տեսնում են նաեւ Ղարաբաղը: Բացի այդ, Ս. Զոլյանի խոսքերով, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրումը, ինչին ձգտում է Մինսկի խումբը, նշանակում է ինքնավարություն:
«Ես լսեցի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերը, թե Ադրբեջանի նախագահը առաջադիմել է բանակցություններում` Ղարաբաղին խոստանալով ինքնավարություն», ասաց Ս. Զոլյանը:
Զոլյանը հիշեցրեց, որ ինքնավարության մասին խոստումներ տվել էր նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը, եւ դա ամենեւին էլ չի վկայում ադրբեջանական կողմի դիրքորոշման առաջընթացի մասին:
Քաղաքագետի կարծիքով, այսօր ամենակարեւոր խնդիրն այն է, որ մենք պետք է հիշեցնենք ինքնորոշման իրավունքի գերակայության, իրավական սկզբունքների մասին, որոնք ձեւավորվել են այն ժամանակ, երբ ճանաչվել է Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությունը, եւ նույն իրավական նորմերի համաձայն պետք է ճանաչվեր նաեւ ԼՂ անկախությունը:
«Աշխարհում կատարվող փոփոխություններից ելնելով, մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները, սակայն ուշացնում ենք», հավելեց քաղաքագետը:
Ս. Զոլյանն անդրադարձավ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Մ. Բրայզայի այն հայտարարությանը, թե ազատագրված տարածքները պետք է փուլառփուլ վերադարձվեն Ադրբեջանին: Բանախոսը նշեց, որ ամերիկացի համանախագահը նման արտահայտություններով դուրս է գալիս իրեն վերապահված գործառույթների շրջանակից` իրականացնելով տեղեկատվական դիվերսիա:
Կառավարման փորձագետ, քննարկմանը մասնակցող Հարություն Մեսրոպյանը համոզմունք հայտնեց, որ Մ. Բրայզան լեզվի սայթաքում չի ունեցել, այլ թույլ է տվել տեղեկության պրովոկացիոն արտահոսք, որպեսզի տեսնի կողմերի արձագանքը: Բացի այդ, ինչպես նշեց Հ. Մեսրոպյանը, Մ. Բրայզան ասել է, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, սակայն վերջնական արդյունքում դրանք ազդում են միմյանց վրա: Փորձագետի դիտարկմամբ, այդ հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները չեն վերացել, այլ ստացել են ավելի նուրբ ձեւակերպումներ:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանն անդրադառնալով «ճանապարհային քարտեզին», նշեց, որ առաջ խոսվում էր նախապայմանների մասին, իսկ այժմ ընտրվել է շատ ավելի բարեհունչ արտահայտություն` «ճանապարհային քարտեզ»: Նրա խոսքով, մենք պետք է հիշենք, որ Թուրքիան ունի այլ սահմանադրական կառուցվածք եւ այնտեղ իշխող կուսակցության առաջնորդ Էրդողանը շատ հստակ դիրքորոշում է արտահայտել, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է լուծվեն ի վնաս Ադրբեջանի:
Հարություն Մեսրոպյանի մատուցմամբ` վերջերս Ալի Բաբաջանի պաշտոնի փոփոխությունը նշանակում է, որ Թուրքիան նորից մի ազդակ է ուղարկում, որ պետության արտաքին քաղաքականության մեջ կարող է լինել ոչ միայն անձի, այլեւ քաղաքականության փոփոխություն:
Ըստ փորձագետի, «Հայաստանը վարում է քաղաքական մուրացկանի քաղաքականություն: Մենք ավելի շատ ոչ թե հարց դնող ենք, այլ դրված հարցին հարմարվող ենք: Դա շատ վտանգավոր քաղաքականություն է», հավելեց նա:
Ն. Մ.