Ինչպես տեղեկացանք «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի նախօրեին, ստորագրած հրամանագրի համաձայն, «Հայաստան» հիմնադրամի աշխարհասփյուռ տեղական մարմինների 15 ատենապետներին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարյանին եւ Արցախում հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ Միշել Տանկրեզին հանձնվեցին ԼՂՀ պետական պարգեւներ:
Արցախում հիմնադրամի ծրագրերում ունեցած մասնակցության համար «Երախտագիտության» շքանշանով պարգեւատրվեցին հիմնադրամի տեղական եւ տարածքային մարմինների ատենապետները:
Մայիսի 11-14-ը քառօրյա այցով Արցախում էին հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները, որոնք մասնակցեցին Բերդաշեն գյուղի (Մարտունու շրջան) ջրագծի, Հադրութի շրջանային հիվանդանոցի եւ գազատարի բացման արարողություններին: Եղան այցելություններ Տող գյուղի (Հադրութի շրջան), Սպիտակաշեն (Մարտունու շրջան) եւ Ստեփանակերտի թիվ 11 դպրոցներ, Հադրութի ու Սպիտակաշենի (Մարտունու շրջան) ջրագծերի կառուցման շինհրապարակներ: Հյուրերը այցելեցին նաեւ Ամարասի վանքային համալիր, որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ