Ո՞ւր կհասնի վրացական ընդդիմությունը
Վրաստանի անկախության օրը` մայիսի 26-ին վրացական ընդդիմությունը ծրագրում է վերսկսել հանրահավաքային իր գործելակերպին համապատասխան ցույցերն` ի նշանավորումն նոր ապրիլի 9-ի:
Վրացական ընդդիմությունը նախատեսում է «ժողովրդական շքերթ» անցկացնել` Ռուսթավելու պողոտայից չհեռացնելով արդեն ամսից ավելի այնտեղ հայտնված սիմվոլիկ խցեր-ճաղավանդակները: Ընդ որում, ընդդիմության լիդերները հայտարարել են, որ եթե պողոտայից հեռացվեն ճաղավանդակները կամ դրանք ավերվեն, ապա համարժեք գործողությունների կդիմի նաեւ ընդդիմությունը այն տրամաբանությամբ, թե Ռուսթավելու պողոտան դարձել է նրանց համար ծառայության վայր, նրանք այդտեղ են ամեն օր:
Այսպես է ընդդիմությունը պատրաստվում պատասխանել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ մայիսի 11-ին անցկացված անարդյունք բանակցություններին, հատկապես որ Վրաստանի նախագահը անմիջապես բանակցություններից հետո հայտարարել է, թե մտադիր չէ մինչեւ իր նախագահության ժամկետի ավարտը հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից:
Մինչդեռ վրացական ընդդիմության շարքերում հայտնվել են այնպիսի առաջնորդներ, որոնց` Սաակաշվիլուն տված գնահատականները համընկնում են ռուսաստանյան ղեկավարության հնչեցրած կարծիքներին այն տեսանկյունից, թե Վրաստանի ներկայիս նախագահը «քաղաքականապես անմեղսունակ» է:
«Միշան (Միխեիլ Սաակաշվիլին) ամբողջովին վիրտուալ է դարձել: Պարզվում է, պատերազմում մենք հաղթել ենք, եւ պատերազմը դեռ շարունակվում է` սա է Սաակաշվիլու հոգեկան ու քաղաքական տրամադրվածության ցուցանիշը», նման որակում է տվել Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը մասնակից ընդդիմադիր չորս լիդերներից երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:
Յուրաքանչյուր տարի մայիսի 26-ին վրացական իշխանությունները զինվորական շքերթ են անցկացնում Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում, սակայն այս տարվա առնչությամբ որեւէ հայտարարություն դեռ չի արվել: Նախորդ տարի իշխանությունների անցկացրած շքերթից հետո Ռուսթավելու պողոտայում անմիջապես հայտնվեցին ընդդիմության ներկայացուցիչներն ու համախոհները, որոնք այն ժամանակ իրենց բողոքն էին արտահայտում նոր ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքների առնչությամբ:
Իսկ մինչ մայիսի 26-ը, ինչպես եւ մինչեւ ռազմական խռովության միջադեպը ծրագրել էր ընդդիմությունը, կանցկացվեն ամենօրյա ցույցերն ու ժամանակ առ ժամանակ կփակվեն Վրաստանի գլխավոր մայրուղիները: Վրացական ընդդիմության ղեկավարները խոստացել են, որ առավել ակտիվ գործողությունների կդիմեն, կընդլայնեն բողոքի ակցիաների աշխարհագրությունը, կլինեն ավելի պահանջկոտ, քանի որ երկրի նախագահ Սաակաշվիլին չի ուզում տեսնել իրականությունը, չի ցանկանում ընդունել, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամ է:
Ա. Հ.