«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ՃԳՆԱԺԱՄԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԷՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Ելույթներ ունեցան երկրի նախագահն ու վարչապետը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) երեկ տեղի ունեցած համագումարը 5-րդն էր կառույցի ստեղծումից ի վեր, սակայն այս անգամվանը յուրահատուկ էր այն առումով, որ տեղի էր ունենում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ Հայաստանի վրա դրա ազդեցության պայմաններում: Այս միտքը շեշտեցին գրեթե բոլոր ելույթ ունեցողները, որոնց ելույթների մեխը դարձյալ ճգնաժամն էր եւ նրա հաղթահարումը:

Առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը , փաստելով, որ 2009-ի առաջին եռամսյակի սպասումները, ցավոք, իրականություն դարձան եւ լուրջ անկում ունեցանք շինարարության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում, նվազեցին արտահանման ծավալները, ներդրումները: Այդ դժվար ամիսներին, սակայն, սոցիալապես անապահով խավերը չդարձան ճգնաժամի ազդեցության հիմնական թիրախՙ ժամանակին վճարվեցին աշխատավարձերը, թոշակները: Նախագահը ընդունեց, որ քաղաքացիների, գործարարների մեծ մասը զգացել է ճգնաժամի ազդեցությունը, սակայն նշեց, որ մեր հասարակության մեջ չկա հուսահատություն, չեն հուսահատվել նաեւ կառավարությունն ու բիզնեսը: Դա, ըստ Սերժ Սարգսյանի, լավ հիմք է վերականգնման փուլն ավելի արագ անցնելու համար:

Թվարկելով կառավարության հակաճգնաժամային քայլերը, երկրի նախագահն ընդգծեց, որ կառավարությունը չի շեղվելու հայտարարած բարեփոխումների ուղուց եւ դրանք ավելի են խորանալու: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ չի կարելի ճգնաժամը որպես պատճառ բերելով, խոչընդոտել բարեփոխումներին: Այդ առնչությամբ նա երեք հիմնական խնդիրների անդրադարձավ:

Առաջինը հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն է, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, եւ դա առեւտրի վարման քաղաքակիրթ տարբերակն է: Նախագահը անընդունելի համարեց այն խոսակցությունները, որ դրանց ներդրումը ճնշում է բիզնեսը եւ դրանցից պետք է հրաժարվել: Երկրորդը փաստաթղթաշրջանառության հարցն է: Բոլորը խոսում են կոռուպցիայից, բայց չեն ցանկանում աշխատել փաստաթղթերով: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ կառավարությունը հաստատակամորեն գնալու է այս ճանապարհով: Երրորդն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձման հարցն է: Նախագահն իրավացի համարեց գործարարների այն մոտեցումը, որ եթե պետությունը ուշացնում է այն վերադարձնել արտահանողներին, ապա պետք է տուգանքներ վճարի: Սակայն նշեց, որ կան օրինակներ, երբ ուղղակիորեն փորձ է արվում պետությունից գումարներ գողանալ եւ հարկային մարմինները երկար ժամանակ են ծախսում դա բացահայտելու համար: Մասնավորապես, ըստ նախագահի, դեպք է արձանագրվել, երբ նշվել է 1,5 մլրդ դրամի ԱԱՀ վերադարձման պահանջ, բայց ստուգումներով պարզվել է, որ ընդհանրապես վերադարձման ենթակա գումար չկա:

Նախագահի ելույթին հաջորդեցին համագումարին ուղղված Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Կոլմոգորովի, Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում ներկայացուցիչ Նինկե Օմեսի, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի համակարգող Կոնսուելու Վիդալի խաղերը:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանն իր ելույթում ընդգծեց, որ սա այն համագումարը չէ, որ խոսենք նվաճումներից եւ ձեռքբերումներից: Նա համոզմունք հայտնեց, որ այս ճգնաժամից Հայաստանի տնտեսությունը դուրս է գալու ուժեղացած: Դրա համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ պետությունը, գործարարները եւ հասարակությունը բարձրացնեն արդյունավետությունը: Արսեն Ղազարյանը կառավարության հակաճգնաժամային քայլերը գնահատեց հեղափոխական: Նա նշեց, որ մեր երկրի մրցունակության բարձրացման համար պետք է մի քանի անգամ ավելի բարձր ներդրումային գրավչություն ունենալ հարեւանների համեմատ, իսկ ամենամեծ քայլը, որ պետք է անի կառավարությունն այդ ուղղությամբ, իր հռչակած բարեփոխումների իրականացումն է: ՀԱԳՄ նախագահը փաստեց, որ վերջին 1 տարում պետություն-մասնավոր համագործակցությունն ավելի է զարգացել: Միաժամանակ, նա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունը բեւեռեց երկու խնդիրների վրա: Առաջինը նա նշեց, որ հարկային ներկայացուցիչների ինստիտուտի կիրառումը մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը եւ ժամանակավրեպ է: Երկրորդըՙ մաքսային համակարգին առնչվող կողմնորոշիչ գների խնդիրն է, որտեղ նույնպես կիրառվում են սուբյեկտիվ մոտեցումներ:

Անդրադառնալով գործարարների առաջարկներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ դրանք բոլորը կքննարկվեն կառավարությունում: Նա համոզմունք հայտնեց, որ համատեղ ծրագրերի իրականացմամբ 3 տարի հետո կունենանք դիվերսիֆիկացված հզոր տնտեսությունՙ բոլորի համար հասկանալի եւ ընդունելի խաղի կանոններով:

Խոսելով ճգնաժամի մասին, վարչապետը նշեց, որ այն ավելի խորն էր ու ավելի երկար, քան կանխատեսում էին ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն: Սակայն արդեն կան հուսադրող գնահատականներ, ըստ որոնց, 2009 լինելու է ամենադժվար տարին եւ 2010-ին կսկսվի համաշխարհային տնտեսության վերականգնումը: Հայաստանի վրա ազդող կարեւոր գործոնը Ռուսաստանի իրավիճակն է, որտեղից Հայաստան է մտնում մասնավոր ներդրումների 75 տոկոսը: Մյուս գործոնը մասնավոր տրանսֆերների նվազումն է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից:

Տիգրան Սարգսյանը կարեւորելով տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիան, նշեց, որ այն իրականացնելու համար պետությունն էական նշանակություն է տալու ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, աջակցելու է ժամանակավոր դժվարություն ունեցող ու պետության համար համակարգային նշանակություն ունեցող ձեռնարկություններին եւ օժանդակելու է փոքր ու միջին բիզնեսին: Մեծ գումարներ են ուղղվելու ենթակառուցվածքների, հիմնականում ճանապարհաշինական նախագծերին, աղետի գոտում բնակարանային շինարարությանը, ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի արդիականացմանը, Համահայկական բանկի, հիպոթեկային հիմնադրամի ստեղծմանը:

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ տնտեսության դիմադրողականության բարձրացման համար կիրառվում է աննախադեպ գործիքակազմ` պետական երաշխիքների տրամադրում, սուբսիդավորում, ուղղակի վարկավորում, մասնակցություն ձեռնարկատիրական կապիտալում: Թվարկելով իրականացվող ծրագրերը, վարչապետն ասաց, որ հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը կառուցապատողների համար այն է լինելու, որ 2009-2010-ին Հայաստանում բնակելի, հյուրանոցային, գրասենյակային շինարարության ոլորտում մեծածավալ ներդրումներ իրականացնելու դեպքում կառավարությունը նման ծրագրերը կֆինանսավորի բյուջեից: Դրան զուգահեռ խթանվելու է վճարունակությունը:

«Տնտեսական բարեփոխումները այն կարեւոր լծակն են եւ գործոնը, որոնք մեզ կօգնեն հաղթահարելու ճգնաժամը», վերջում ասաց Տիգրան Սարգսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4