Սպասելի էր, որ «Արարատ» ակումբի ղեկավարությունը կարձագանքի մայիսի 11-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանիՙ ասուլիսում հնչած մեղադրանքներին: Երեկ «Արարատ» ակումբում կազմակերպվել էր պատասխան ասուլիսը: Հենց սկզբից «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը նշեց, որ ինքը մտադիր չէ իջնել ֆեդերացիայի նախագահի մակարդակին եւ նույնկերպ արտահայտվել նրա հասցեինՙ սպառնալիքներ հնչեցնելով:
«Տեսաք, թե ինչ է կատարվում, արդարություն չկա, հարձակում են գործում «Արարատի» վրա, որը բոլորիս հպարտությունն է, ուզում են ազատվել «Արարատ-73-ից», բայց ոչ ոք չի կարող պատմությունը փոխել: Մեր մասին ասվել է, որ ես թուրք եմ, Անդրեասյաննՙ ադրբեջանցի: Ես հարյուր տոկոսով հայ եմ: Ես չէի, որ Թուրքիայի հետ խաղից առաջ ֆեդերացիայի խորհրդանշանից Արարատ սարը հանեցի: Ձորաղբյուրը մենք կկառուցենք, ոչ մեկի գործը չէ դա: Ֆեդերացիայի նախագահը թող զբաղվի Հայաստանի հավաքականով, որն անմխիթար վիճակում է: Նա անընդհատ հարձակում է գործում «Արարատի», «Միկայի» եւ այլ ակումբների դեմ, միայն «Փյունիկ» է բացականչում: Նա պատասխանատու է 15 մլն հայերի առջեւ», իր խոսքում նշեց Հրաչ Կապրիելյանը:
Ակումբի արտոնագրման հարցերով պատասխանատու Արթուր Կարապետյանը տեղեկացրեց, որ ոչ մի ժամանակացույց չեն խախտել, ժամանակին բոլոր փաստաթղթերը ներկայացրել են ֆեդերացիա: Պարզապես սպասում էին պետռեգիստրի պատասխանինՙ հիմնադիր կապիտալը 110 մլն դրամի հասցնելու որոշմանը, որն ասուլիսի կազմակերպման օրը հանձնվել է ֆեդերացիա: «Արարատի» ղեկավարությունը գտնում է, որ մայիսի 26-ին կայանալիք արտոնագրման կոմիտեի նիստը ոչ մի հիմք չպետք է ունենա մերժելու թիմին արտոնագիր տրամադրելու հարցը եւ չթույլատրելու մասնակցել եվրոլիգայի խաղարկությանը:
«Ես ամաչում եմ, որ այսպիսի ֆեդերացիայի նախագահ ունենք, որն իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ կատարել մեր հասցեին: Ինչո՞ւ է ինքը վնաս տալիս մեր ֆուտբոլին, ինքն է ղեկավարը, ինձ է մեղադրում: Այո, այսօր վատ ենք աշխատում, դեռեւս գոլ չենք խփել ու միավոր չենք վաստակել: Բայց վիճակը կշտկենք: Ես կստանձնեմ թիմի ղեկը եւ որքան էլ որ փորձեն խանգարել մեզ, կաշխատեմ «Արարատին» ոտքի կանգնեցնել: Ֆեդերացիայի նախագահը խառնվում է մեր գործին: Դեռեւս 8 տարի առաջ նա առաջարկել էր Հրաչ Կապրիելյանին ինձ հեռացնել «Արարատից»: Իսկ անցյալ տարի, երբ «Միկայի» գլխավոր մարզիչն էի, «Բանանցի» հետ խաղից հետո Միքայել Բաղդասարովն ինձ ասաց, որ ֆեդերացիայի նախագահը չի ցանկանում, որ ես աշխատեմ թիմում ու առաջարկեց ազատվել պաշտոնից: Ես էլ նեղացա ու հեռացա ակումբից», իր խոսքում նշեց Արկադի Անդրեասյանը , որը հաջորդ խաղից թիմի խորհրդատու մարզիչն է լինելու պաշտոնապես:
Անդրեասյանը նաեւ պարզաբանեց, որ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել, թե դարպասապահ Գեւորգ Պրազյանը մասնակցել է երիտասարդական հավաքականի հավաքին: Նա նշեց, որ Պրազյանին 14 տարեկանից է ճանաչում, աշխատել են հետը եւ այժմ ՀՖՖ նախագահը նրան էլ Աղվան Մկրտչյանի, Ալեքսանդր Թադեւոսյանի, Վահագն Մինասյանի նման ցանկանում է տանել «Փյունիկ»:
«Արարատ» ակումբի նախկին նախագահ Դմիտրի Մարտիրոսյանը ցավով նշեց, որ երբ հանրապետության առողջ ուժերը փորձում են համախմբել ազգը, գտնվում են մարդիկ, որոնք փորձում են տարբերություն դնել Հայաստանում եւ դրսում ծնվածների միջեւ, վերջիններիս 2-րդ կարգի մարդիկ համարել: Փորձառու լրագրող Միսակ Նազարյանն էլ կոչ արեց «Արարատի» ղեկավարությանն անտեսել այն բոլոր արհեստական խոչընդոտները, որ ստեղծում են ոմանք թիմի եւ ակումբի առջեւ, համընդհանուր ուժերով պայքարել ու կրկին բարձրացնել թիմի պատիվը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ