Միացյալ Թագավորությունը ողջունում է հայ-թուրքական մերձեցման քայլերը
Հայաստանում վաղուց չլինելու պատճառով մայիսի 13-15-ը Հայաստանում է Միացյալ Թագավորության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որ այս այցի շրջանակներում չի պատրաստվում լինել Վրաստանում ու Ադրբեջանում:
Բրիտանական դեսպանատանը հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը Բրայան Ֆոլը ներկայացրեց, որ արդեն իսկ հետաքրքրական զրույցներ է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նաեւ բրիտանական որոշ ծրագրերի մասնակիցների հետ: Պարոն Ֆոլը հանդիպումներ էր ունեցել նաեւ Ազգային ժողովում, զրուցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հանդիպել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
Երեկ նա հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ապա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ ավելի ուշ նաեւ Հայաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ:
Ի պատասխան հարցին, թե ինչպես կմեկնաբանի հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, պրն Ֆոլը պատասխանեց, որ միայն բանակցություններին մասնակից հայկական ու թուրքական կողմերի ներկայացուցիչները կարող են խոսել այդ քննարկումների բովանդակության մասին: Ամեն դեպքում, Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման նշանները, կողջունի նաեւ, եթե այս տարի այդ ուղղությամբ լինեն կոնկրետ քայլեր:
Ինչ վերաբերում է Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը, ապա, Բրայան Ֆոլի խոսքերով, Մեծ Բրիտանիան միանգամայն կողմ է դրան, գտնելով, որ այդպես լավ կլինի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրոմիության ու տարածաշրջանում Թուրքիայի հարեւանների համար:
Հարեւանների հետ Թուրքիայի լավ հարաբերությունների համատեքստում էլ Միացյալ Թագավորության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչը գտնում է, որ դա կարեւոր գործոն է: Հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ Բրայան Ֆոլը կարծում է, որ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունից շատ ավելի առաջ բաց կլինի հայ-թուրքական սահմանը, քանի որ մինչեւ անդամակցությունը էլի շատ կարեւոր ու երկար քննարկելու հարցեր կան:
«Ազգի» հարցին, թե ինչու է Միացյալ Թագավորության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչը հենց այս օրերին ու միայն Հայաստան այցելում եւ որոնք են այցի ընթացքում քննարկված հարցերը, Բրայան Ֆոլը պատասխանեց, որ քննարկվում են երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրներ:
Պրն Ֆոլը տեղեկացրեց, որ իրենից առաջարկ է եղել հայկական կողմին տարեկան երկու անգամ հանդիպումներ կազմակերպել արտգործնախարարության մակարդակով որպես լրացուցիչ միջոց` երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում օգտագործելու ապագայում հավանական բոլոր հնարավորությունները: Հայկական կողմը ողջունել է բրիտանական այս առաջարկը:
«Ազգը» հետաքրքրվեց նաեւ, թե ինչպիսին է բրիտանական գնահատականը այն հանգամանքին, որ թեկուզ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում տարածաշրջանում ակտիվանում են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան: Բրայան Ֆոլը պատասխանեց, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում սովորաբար խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասին:
Ինչեւէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ Միացյալ Թագավորության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի, մնում է երկու նախագահներին աջակցության ու խրախուսման հիմնական ձեւաչափ: Թուրքիան «տարածաշրջանում խոշոր ու կարեւոր երկիր է», Միացյալ Թագավորությունն էլ ողջունում է տարածաշրջանում ու դրանից դուրս Թուրքիայի «կառուցողական հետաքրքրությունը» տարբեր հարցերում:
«Բայց դա չի դիտարկվում որպես այլընտրանքային միջնորդական մեխանիզմ», նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը` ասաց Բրայան Ֆոլը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ