Հայաստանը կարեւորում է Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը եւ որեւէ պատճառ չի տեսնում այդ գործընթացում առկա ձեւաչափի փոփոխման համար: Երեկ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «Վերագնահատելով Հարավային Կովկասում անվտանգ միջավայրը. Տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ կերպափոխում» խորագրով միջազգային խորհրդաժողովում նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը :
Կարեւորելով ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը, նախարարը նշեց, որ միաժամանակ տարածաշրջանը զերծ չէ մարտահրավերներից ու սպառնալիքներից:
«Մասնավորապես, Հայաստանի համար անմիջական ռազմական սպառնալիքներն են ղարաբաղյան հակամարտության առկայությունը եւ հակամարտող կողմերի միջեւ կարգավորման փոխհամաձայնեցված քաղաքական-իրավական հիմքերի բացակայությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից վարվող ռազմականացման քաղաքականությունը, ռազմական գերակայության հասնելու եւ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժի կիրառմամբ լուծելու ձգտումը», ասաց Ս. Օհանյանը, դրանց թվում ընդգծելով նաեւ Հայաստանի շրջափակումը եւ նրան տարածաշրջանում մեկուսացնելու քաղաքականությունը:
Նախարարը հիշեցրեց, որ 15 տարի առաջ, Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց զինադադարի համաձայնագիր, որը մինչ օրս գործում է: Չնայած դրան, Ադրբեջանի զինված ուժերը հաճախ խախտում են զինադադարի պայմաններն ու փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
«Հայաստանը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ, փոխզիջումների վրա հիմնված կարգավորման օգտին, ցավոք, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Այս համատեքստում առավել լուրջ մտահոգության առիթ են տալիս Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ վերազինման քաղաքականությունը եւ ռազմական բյուջեի ծավալների կտրուկ մեծացումը», ասաց նախարարը:
Ս. Օհանյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանն արդեն բազմակի գերազանցել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված սահմանափակումները, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում հաստատված «փխրուն կայունությանը»: Բացի այդ էլ, այն ուղեկցվում է հակամարտությունը զինված ուժի կիրառմամբ լուծելու ամենաբարձր մակարդակից հնչող հայտարարություններով:
Ն. Մ.