«Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքներում երեկ կառավարության կատարած փոփոխություններին անդրադառնալով, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դրանով բավական լուրջ քայլ է կատարվում, քանի որ Հայաստանում ներդրվում է շահերի բացահայտման ինստիտուտ: «Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ Հայաստանում լիակատար իրացվում է: Այս օրենքն ունի նաեւ հակակոռուպցիոն բովանդակություն, մենք ունենք նաեւ այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը եւ կատարում ենք այս նախագիծը հաստատելով», ասաց վարչապետն, ավելացնելով, որ ապագայում անհրաժեշտ կլինի հանրային քննարկումներ կազմակերպել այս օրենքի շուրջը, որպեսզի հասարակությունն իրազեկված լինի, թե ինչ մեխանիզմներ են կիրառվելու:
Ա. Մ.