«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2009-05-13 | #87, 2009-05-14 | #88, 2009-05-15


ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԵՐ Է ԼՍՈՒՄ

Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ընդդիմությունը շատ ավելի կազմակերպված ու վճռական է լինելու, քան 2008-ի փետրվարյան ընտրությունների ժամանակ: Ընդդիմությունը որդեգրել է այնպիսի մարտավարություն, որով անելանելի վիճակ է ստեղծելու հակառակորդի ճամբարում: Օրինակ, ընտրատեղամասերի փակվելուց հետո դրանց առջեւ հավաքվելու են 100-150 մարդ` վերահսկելու ոստիկանների գործողությունները: Եթե ամեն ինչ ընթանա ըստ օրենքի, ապա իրենք միայն կողջունեն ոստիկաններին, իսկ եթե ոստիկանները թերանան իրենց պարտականություններում, ժողովուրդը օրենքի պահպանումը վերցնելու է իր ձեռքը: Այնուհետեւ ձայների հաշվարկից հետո ժողովուրդը հավաքվելու է ԿԸՀ-ի մոտ, շրջափակելու է շենքը, մինչեւ ընդդիմությունը չլսի իրեն հաճելի արդյունքը: Քաղաքապետի ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո ժողովուրդը հավաքվելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը եւ «տապալելու է ոչ լեգիտիմ ռեժիմը»:

Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ մայիսի 31-ից հետո ընդդիմության ճնշման տակ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Լրագրողների հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է, որ կրկնվեն մարտի 1-ի դեպքերը, Սեֆիլյանը նշեց, որ ընդդիմությունն ամեն ինչ անելու է դրանից խուսափելու համար, սակայն նա գտնում է, որ պետականություն կառուցելու համար անհրաժեշտ են նաեւ զոհողություններ:

Կոալիցիայից Դաշնակցության դուրս գալը Ժիրայր Սեֆիլյանը խաղ չի համարում: Ավելինՙ կարծում է, որ ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը վաղ թե ուշ կհամագործակցեն. «Քանի որ ես Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության հետ ուղղակի շփման մեջ եմ, նրանց տեսակետը գիտեմ: Նրանք բաց են բոլորի առջեւ, պատրաստ են համագործակցել բոլորի հետ, նաեւՙ Դաշնակցության»:

Անդրադառնալով ԼՂ Ազգային ժողովի պատգամավորների այն հայտարարությանը, թե Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների կողմ, Սեֆիլյանը նկատեց, որ վերջին տարիներին վերջապես Ստեփանակերտից լսվեց ճշմարիտ խոսք ու ողջունեց ԼՂ պատգամավորների քայլը:

«Սա լուրջ քայլ եմ համարում: Այդ քայլից հետո բոլորս տեսանք` ինչ տեղի ունեցավ», ասուլիսում ասաց Սեֆիլյանը ու նշեց, որ, իր ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանի նախագահի ստեփանակերտյան հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել: Ըստ նրա, թեեւ այս պահին արցախցիները չեն կատարում համապատասխան քայլեր, բայց հուսով է, որ դրանք անպայման կլինեն:

Ժ. Սեֆիլյանի կարծիքով, «Երբ Ստեփանակերտը հակադրվում է Երեւանին, Երեւանում իշխանափոխությունն անխուսափելի է»:

«Ես համոզված եմ, որ կոնգրեսում մի քանի ուժեր կան առնվազն, որոնք դեմ են հայ-թուրքական հարաբերությունների ե՛ւ Սերժ Սարգսյանի առաջ քաշած տարբերակին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի», հայտարարեց Շուշիի գումարտակի նախկին հրամանատարն ու հավելեց, որ այս տարաձայնության պատճառով ինքը դուրս չի գալիս կոնգրեսից միայն այն պատճառով, որ կարեւորում է երկրում սահմանադրական կարգը հաստատելու հարցը:

«Թուրքիայի առաջ քաշած որեւէ հարցի Սերժը չի ասել «ոչ», շարունակելով նշեց Ժիրայր Սեֆիլյանն ու ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը մի շարք համաձայնություններ է տվել, որոնք, սակայն, չի հասցնելու իրականացնել:

Սեֆիլյանի մատուցմամբ` Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս անհրաժեշտ է նրան առայժմ որպես թշնամի պետության դիտել, «եւ պետք չէ շտապել բացել սահմանները, քանի որ Հայաստանը շատ թույլ պետություն է եւ հեշտությամբ կուլ կգնա Թուրքիային»:

Ըստ Սեֆիլյանի, նախ անհրաժեշտ է ամուր պետականություն կառուցել, նոր փորձել հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4