Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ կառավարության երեկ հաստատած որոշումները լրագրողներին ներկայացրեց պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը : Նա նշեց, որ ընդունվել է նաեւ էլեկտրոնային ստորագրությամբ հարկային մարմիններին տեղեկություններ տրամադրելու կարգը: Այս փաստաթղթերի ընդունումը, պետեկամուտների կոմիտեի նախագահի հավաստմամբ, խնայում է հարկ վճարողների ժամանակը հարկային մարմինների հետ շփման ժամանակ եւ նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը:
Հարկ վճարողը նոր համակարգով ստանալու է գաղտնաբառը, ապա նաեւ էլեկտրոնային ստորագրությունը: Դրա համար նա պետք է վճարի 10 հազար դրամ եւ 5 հազար դրամ էլ տարեկան: Համակարգը ներդրվելու է երկու փուլով: Առաջինըՙ 2009-ի հոկտեմբերին, երկրորդըՙ 2010-ի փետրվարին: Առաջին փուլում այդ համակարգով հարկային հաշվետվություններ կներկայացնեն բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները եւ այլնՙ թվով 250 կազմակերպություն, ապա պետական եւ պետական կառավարչական 1300 կազմակերպությունները, որոնց շրջանառությունը գերազանցում է 100 մլն դրամը: Երկրորդ փուլում էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային համակարգով հաշվետվություն ներկայացնող հարկ վճարողների թիվը կավելանա 3 հազարով, որոնց շրջանառությունը կգտնվի 100 - 500 մլն դրամի միջակայքում:
Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ 180 մլն դրամ է ներդրվել այս համակարգի ստեղծման համար, բայց այն ավելի թանկ արժե, անհրաժեշտ գումարները ստանալու նպատակով բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի եւ այլ կառույցների հետ:
Ա. Մ.