ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայոց միջնադարյան ավանդույթի համաձայն, ճարտարապետական կառույցների հիմքում տեղադրվել է մետաղյա պարկուճի մեջ դրված մագաղաթյա հիշատակարան, որն անվնաս պահպանվել է մինչեւ իսկ բնության ամենադաժան արհավիրքների ժամանակ եւ սերունդներին է փոխանցել կառույցի ժամանակաշրջանի, ճարտարապետի եւ պատվիրատուի մասին տվյալները: Մաշտոցի անվան Մատենադարանի նոր շենքի հիմնարկեքի մասնակիցները երեկ ականատես եղան այդ արարողությանըՙ հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կառույցի բարերար Սերգեյ Համբարձումյանի, ճարտարապետ Արթուր Մեսչյանի, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի, կառավարման խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանի: Կառույցի հիմնասյուներն օծվեցին ու խնկարկվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքով եւ աղոթքով. «Մատենադարանը սրբավայր է մեր ժողովրդի համար: Արդարեւ, գիտական ու մշակութային արժեքից բացի, Մատենադարանում պահվող ժառանգությունն ունի նաեւ հոգեծնունդ մասունքի արժեք: Ամեն հայի, որտեղ էլ ապրի, անշփոթելիորեն ծանոթ է Մատենադարանի պատկերըՙ Սուրբ Մաշտոցի եւ մեր մեծ թարգմանիչների գեղատես քարակերտ հուշարձաններով, ծանոթ է որպես հարազատ մաս ու պատկեր հայրենիքի: Այսօր իր առաքելությամբ եւ նշանակությամբ Մատենադարանը համամարդկային մշակույթի մաս է եւ ճանաչված ու գնահատված է գիտական ու մշակութային միջազգային շրջանակներում: Նոր շենքը կառուցվում է բարեգործության նույն ոգով, առ հայրենիքն ու հայրենական ժառանգությունը նույն սիրով, որոնցով դարերի մեջ հովանավորվել են Մատենադարանում պահվող մատյանները, պահպանվել ու փոխանցվել են մեզ»:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նոր մասնաշենքի կառուցումը համարեց դարակազմիկ նշանակություն ոչ միայն հայ գիտության եւ մշակույթի, այլեւ հայ կյանքի համար ընդհանրապես, քանի որ նրան են ուղղված բյուր սերունդների հայացքները, նա դարձել է մեր անցյալի եւ ապագայի միահյուսման, մեր լինելիության եւ հավերժության խորհրդանիշն ու առհավատչյան: «Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքը կայանում է Մատենադարան գիտական կենտրոնի հիմնադրման 50-րդ տարեդարձին: Մատենադարանը ստեղծվել է ոչ միայն մեր մատենագիրների ու գրիչների, այլեւ համայն հայության, բյուրավոր սերունդների ջանքերով, որոնք պատմության ահեղ դարձերի ու արհավիրքների ընթացքում փրկագործել ու աչքի լույսի պես պահպանել են մեր ձեռագիր մատյանները: Մատենադարանը ստեղծվել է նաեւ բյուրավոր բարեգործների ու բարերարների ջանքերով, որոնք Մատենադարանին են նվիրաբերել հազարավոր ձեռագրեր: Եվ ահա, բարեգործության մի նոր, բացառիկ դրսեւորում, որի արդյունքում վեր է բարձրանում Մատենադարանի այս նոր, հրաշալի կառույցըՙ հայ հայտնի գործարար, մոսկովյան շինարարական մեծ միավորման ղեկավար Սերգեյ Համբարձումյանի ներդրումներով, որն անմիջապես արձագանքեց Մատենադարանը վերակերտելու Հայաստանի Հանրապետության նախագահի կոչին: Ուրեմն, թող թույլ տրվի ասելՙ «Հավերժո՜ղ է այն ժողովուրդը, որ Մատենադարան է ստեղծել: Հավերժո՜ղ է այն ժողովուրդը, որն ընդունակ է նման մեծ արարումների», ասաց Հրաչյա Թամրազյանը:
Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանի խոսքերով, մայիսի 14-ը նշանակալից օր էր ոչ միայն Մատենադարանի, այլեւ մեր մշակույթի, գիտության եւ ժողովրդի համար: «Ճարտարապետ Արթուր Մեսչյանը շարունակում է Մարկ Գրիգորյանի սկսած գործըՙ կառուցելով նոր մասնաշենքը, որտեղ մեր գիտաշխատողները կկարողանան ծավալել իրենց աշխատանքները: Մեսչյանը հիանալի նախագիծ ներկայացրեց, որի մի մասը կառուցվեց մինչեւ 1987 թվականը, բայց դրանից հետո դադարեցվեց ճգնաժամի պատճառով: Այսօր գցված են հիմքերն այդ մեծ շենքի, եւ բարերար Սերգեյ Համբարձումյանի հովանավորությամբ 2 տարի անց ավարտին կհասնի: Այսօր այդ բուռն ցանկությունը հնչեց որպես պատվեր-առաջադրանք: Համոզված եմ, որ 2 տարի անց կունենանք նոր շենք, որտեղ Մատենադարանը կկարողանա լիարժեք ծավալել իր գործունեությունը: Կարծում եմ, դա հրաշալի իրողություն կլինի ոչ միայն մատենադարանցիների, այլեւ հումանիտար գիտությամբ զբաղվող բոլոր անձանց համար»:
Արթուր Մեսչյանի համար Մատենադարանի նոր մասնաշենքի նախագծի կառուցումը ամենից առաջ պատասխանատվություն է, անանց արժեքների պահպանում եւ նոր ու մնայուն գործերի սկիզբ: Իր կյանքի երջանկաբեր պահը կլինի այն օրը, երբ կտեսնի նոր մասնաշենքի ավարտուն տեսքը: Փափագում է, որ դա տեղի ունենա ոչ ուշ, քան 2 տարի անց: