«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2009-05-13 | #87, 2009-05-14 | #88, 2009-05-15


Հ. ՕՇԱԿԱՆԻ «ԱՆԳՂԻՆ ԿՏՈՒՑԻՆ ՏԱԿ» ԳԻՐՔԸ «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ»-ՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՒՄ

Հակոբ Օշականը` արեւմտահայ, առհասարակ հայ գրականության ամենաբեղմնավոր գրողը, հեղինակել է շուրջ 40 հատոր գիրքՙ «Խոնարհներ», «Ստեփանոս Սիւնեցի», «Հաճի Մուրատ», «Սուլէյման էֆէնտի», «Երբ մեռնիլ գիտենք» եւ այլն: Այս եւ նրա մյուս գործերըՙ «Մնացորդաց» եռահատորը, «Համապատկեր արեւմտահայ գրականության» կոթողային տասհատորյակը պատկառելի գրական ժառանգություն են ապահովել հեղինակի համար: Այս խիստ ինքնատիպ գրական լեզվամտածողությունը, պատկերամտածողությունըՙ բառի ներքին ծավալային ընդգրկումով, արեւելահայ գրական միջավայրում հատկապես, ամենաքիչ ուսումնասիրվածն ու ներկայացվածն է: Վիպագիր, թատերագիր, գրադատ, գրականության պատմաբան Հակոբ Օշականը գրական շարժումների, հոսանքների կենտրոնում է եղել միշտ: Արեւմտահայ գրականությանՙ իր ժամանակի երեւելիների հետ (Դ. Վարուժան, Կ. Զարյան, Վահան Թեքեյան, Շահան Պերպերյան) հիմնադիր անդամներից է եղել նախՙ «Մեհեան», ապաՙ Բարձրավանք» հանդեսների: 1915-ի եղերական օրերին թուրք ոստիկաններից ութ անգամ փախուստ տալու ոդիսականը, գերմանացի սպայի հագուստով Բուլղարիայում ապաստանելու հնարավորությունը նրան փրկում է մյուսներին պատուհասած անխուսափելի ողբերգություններից: Կյանքի որեւէ հանգամանքներում նա անդավաճան է մնացել հայ դպրության գործին, գրական մշակի իր հավատամքին, հայ լեզուն ու գիրը համարելով ժողովրդի հոգեւոր մարմինը, նրա գոյության երաշխիքը. «Ունի՞նք աւելի կախարդ յուռութք մը, քան մեր գրականութիւնը: Որ մեր տղաքը կապէ մեր ցեղին ու մեր ճակատագրին», այսպես է մտածել նա: Մահացել է 1948-ին, թաղված է Հալեպի գերեզմանատանը:

Հակոբ Օշականի «100-ամեակի հրատարակութիւն» խորագրի ներքո ժամանակին ընդգրկված է եղել նաեւ «Անգղին կտուցին տակ» տեսական գրությունների ժողովածուն: 35 տարի առաջ հրատարակության պատրաստ գրքինՙ երկար տարիներ լույս աշխարհ գալու բախտ չվիճակվեց: Տպագրվեց 2008-ին, Բեյրութում, գրող, խմբագիր Պողոս Սնապյանի ջանքերով եւ խմբագրությամբ: Գրքի առաջաբանում խմբագիրը նկատում է ուշացման պատճառը. մինչեւ նյութերիՙ տպագրատուն հանձնելը գրքի մեկենասի մահը, իսկ դրանից բավական ժամանակ անց խմբագիր-հրատարակչի գրավոր բազմաթիվ դիմումները մեկենասի հարազատներին մնում են անպատասխան: Գրքի տպագրության պատվաբեր գործը ստանձնում են Սիդնեյում բնակվող Հրաչ եւ Զոհրապ Գըվըրյան եղբայրները:

Ժողովածուն ներկայացնում է Հակոբ Օշականի ինքնահատուկ մտածողության մեկ այլ շերտՙ նրա վերլուծումները, դատումներն ու ընդհանրացումները հայոց լեզվի, հայ գրականության զարգացման համատեքստումՙ աղերսներով նաեւ համաշխարհային մշակույթի տարբեր իրողություններին: Բարդ եւ հակասական մտածողության կրող է Հակոբ Օշականը, խոսքի խիստ հատու, անառարկելի շեշտադրումներով, որ երբեք չի ունեցել միանշանակ մեկնաբանություն-ըմբռնումՙ ինչպես արեւմտահայ, նաեւՙ արեւելահայ գրական միջավայրերում: Սակայն երազանք է ունեցել հայ գրողական ընտանիքի համընդհանուր մեկտեղումի-ներդաշնակության: Իր այս վերջին գրքի շնորհանդեսը Պողոս Սնապյանի կազմակերպությամբՙ բոլորովին տարբեր պայմաններում, ստեղծել էր տոնական մթնոլորտ, ուր խորհրդանշական էր նաեւ ընտրության վայրը. «Հին Էրիվան» ռեստորանային սրահում մեկտեղվել էին Հայաստանի գրողները, գրաքննադատները, բնականաբար ամենատարբեր հայացքների ու մոտեցումների գրական աշխարհի մարդիկ, նաեւՙ սփյուռքահայ մեր հայրենակիցներ, երբեմն հակընդդեմ տրամադրություններով: Սակայն Պողոս Սնապյանի նրբանկատ ուշադրությունն ապահովեց զուտ Օշականյան մթնոլորտի մեջ մնալու օրվա ապրում-զգացումը: Հացի, գինու հետ սեղաններին դրված էր Օշականի գիրքը: Հասկանալի է, թե որքան խոսքաշատ ու խոսքառատ էր խոստանում երեկոն գրականագետ Սամվել Մուրադյանի սեղանապետությամբ, եւ որքան ազգային էին մթնոլորտը դարձնում ճաշակով ընտրված հայ երգ ու երաժշտության զգացմունքային կատարումները: Բաժակ բարձրացնողները հայ մշակույթի հոգեւոր միասնության, հայկական ազգային մեծ տեսիլքի, հայի հոգեբանական հայրենիքի մտահոգությունների մեջ էին: Ավելի ամբողջական եւ որոշակի էր Հակոբ Օշականին նվիրված մենագրության հեղինակիՙ Կիմ Աղաբեկյանի խոսքը. «Ոչ մի տեղ հայոց միստիկան այնպես չի բացահայտվում, ինչպես Օշականն է բացահայտում»:

Տպավորիչ էր Բեյրութում Պողոս Սնապյանին աշակերտած ավստրալահայ մեր մի հայրենակցի խոսքը: Նախկին ուսուցչի հանդեպ ակնածանքիՙ պարզ անպաճույճ մի քանի խոսքերում նա հրաշալի ներկայացրեց Պողոս Սնապյան մանկավարժին ու մարդուն: Շաբաթ-կիրակի դպրոցական ազատ օրերը նա անց է կացրել իր ուսուցչի տանը, ուսուցիչը դուրս գալուց գրքեր է հանձնարարել, որ կարդա, վերադառնալուց հետո պատմելու պայմանով: Նրա երկու խորհուրդները միշտ ուղեկից է ունեցելՙ սիրիր հորդ եւ մորդ, որ կյանք են տվել քեզ եւ գիրքը, որովհետեւ մարդիկ մեջտեղ կձգեն, կթողնեն, գիրքըՙ ոչ: Ուրեմն օրհնված գործ է գրքի մեկենասությունը, մի բան, որ ստանձնել է նաեւ Գըվըրյան գերդաստանըՙ ավստրալահայ գաղութի Համազգային ամենօրյա դպրոցի գլխավոր հովանավորըՙ մշտապես սատար որեւէ ձեռնարկիՙ ազգային բնույթի կամ բարեգործական նպատակի:

Հայ լեզվի, գրի ու գրականության ձոն-փառաբանում էր երեկոյի ողջ մթնոլորտը, եւ բազմիցս հնչած Օշականյան «Անոնք, որ գիրք մը կը տպեն, նեցուկ կը կապեն մեր հոգիին խորտակուած սիւներուն» խոսքերինՙ ներդաշնակ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4