«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2009-05-13 | #87, 2009-05-14 | #88, 2009-05-15


ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍՅԱՆԻ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ` «ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ 19-20-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ»

Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում բազմամարդ ներկայությամբ երեկ տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆ. Արարատ Աղասյանի «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» ստվարածավալ աշխատության շնորհանդեսը: Նյութի հավաքչական, ուսումնասիրության աշխատանքները տեւել են 6-7 տարի: Հետեւելով ժամանակաշրջանի հայ կերպարվեստի զարգացման միտումներին` հեղինակը կարողացել է համակողմանիորեն ստեղծել ընդհանուր մի պատկեր` անդրադառնալով կերպարվեստի տարբեր բնագավառներին: Գիրքը տպագրվել է պետական պատվերով, «Ոսկան Երեւանցի» տպագրատանը, ինչպես երեկ ներկայացվեց` որակյալ, պրոֆեսիոնալ հմուտ տպագրությամբ` ավելի քան 300 նկարների իլյուստրացիաներով (Գրքի տպագրությունը անավարտ է եւ ազդանմուշի միակ օրինակը չհաջողվեց տեսնել, այն տրվել էր գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Հասկանալի չէ այդ շտապողականությունը):

Ուսումնասիրությունն ընդգրկում է կերպարվեստի` գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն եւ բեմանկարչություն ասպարեզները: Հեղինակը շրջանցել է դեկորատիվ-կիրառական արվեստը` այս ճյուղը թողնելով առավել մասնագիտական քննության: Ծավալուն նյութը ամփոփված է գրքի երկու խոշոր բաժիններում, տրոհված առանձին գլուխների, ենթագլուխների` ներկայացված ըստ արվեստի տեսակների, ժանրերի: Ընդգրկված են 19-20-րդ դարերի հայ կերպարվեստի ինչպես նշանավոր, այնպես էլ մասնագիտական շատ շրջանակների անհայտ շուրջ 800 նկարիչներ: Հեղինակային ուսումնասիրությունները կատարվել են` օգտագործելով հայրենական, նաեւ արտերկրի, մասնավորապես Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի պետական եւ մասնավոր թանգարաններում եւ արխիվներում պահվող զանազան արվեստային ու փաստական նյութեր (ստեղծագործություններ, կատալոգներ, ձեռագրեր, վավերագրեր, մամուլ):

Ինչպես նկատվեց շնորհանդեսին, աշխատությունը նյութի եւ ծավալի ընդգրկման մասշտաբով հանրագիտարանային բնույթի է` անհրաժեշտ եւ օգտակար հայ արվեստաբանական մտքի հետագա զարգացումների համար: Այն լավագույն օրինակն է, որի հիման վրա կարելի է ստեղծել հայ կերպարվեստի գիտական պատմության բազմահատորյակը:

Շնորհանդեսին բարձր գնահատվեց Արարատ Աղասյանի մասնագիտական աշխատանքը: Էդվարդ Միլիտոնյանը այն համարեց հայ պոլիգրաֆիական պատմության լավագույն էջերից, որը նաեւ հասունացնում է հայ կերպարվեստի հանրագիտարան ստեղծելու գաղափարը: Գիրքը արժանիորեն կարող է մասնակցել հեղինակավոր մրցանակների, մասնավորապես կներկայացվի ԱՊՀ երկրների առաջիկա մրցույթին:

Գոհունակությամբ արտահայտվեցին նաեւ արվեստաբանության դոկտոր Հրավարդ Հակոբյանը, արվեստաբան Սարո Սարուխանյանը, պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Հեղինակն իր շնորհակալությունները հայտնեց գործընկերներին, մասնագիտական խորհրդատվական աջակցության համար` Մուրադ Հասրաթյանին, Հրավարդ Հակոբյանին, Վիգեն Ղազարյանին, գրքի հրատարակության իրականացման համար մշակույթի նախարարությանը, տպագրությանը, խմբագիր Աննա Ասատրյանին:

Շնորհանդեսն ավարտվեց Արամ Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակի համերգային ծրագրով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4